Մատչելի հղումներ

"Իսլամական պետությունը" տարածքներ է խլում Թալիբանից


Զինյալները, որոնք պատկանում են այսպես կոչված «Իսլամական պետությանը» վերջերս Թալիբանից խլել են Աֆղանստանի որոշ տարածքներ: Ըստ տեղացիների՝ այս նոր ճյուղավորման կողմից դրսևորվող դաժանություններն աննախադեպ են:

Վշտահար տղամարդը իր որդու նկարը միշտ իր հետ է պահում, ի հիշատակ իր մահացած տղայի: Այսպես կոչված «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները խլել են 15 ամյա պատանու կյանքը. «Որդիս գնացել էր փայտ հավաքելու, երբ նրանք երեք գնդակ էին արձակել տղայիս վրա: Նրա անունը Խալիդ էր», - դողացող ձայնով ասում է պատանու հայրը:

Հարյուրավոր այլ մարդիկ ևս սպանվել են Արևելյան Աֆղանստանում՝ գլխատվելով, պայթեցվելով կամ այլ սարսափազդու ձևերով: Զոհերի մեջ կան տոհմային վերնախավի, անվտանգության ուժերի անդամներ և այլոք, յուրաքանչյուր ոք, ով կփորձի հակառակվել նորաթուխ դահիճներին:

Եվս մեկը գրեթե գլխատման զոհ էր դարձել, սակայն հրաշքով փրկվել է: Ծայրահեղականները նրան մեղադրել էին սահմանապահ լինելու համար: Նրան նարնջագույն հագուստ էին հագցրել՝ գլխատելու նպատակով, սակայն միջամտել էին տեղացիները ու փորձել վստահեցնել, որ շատ երիտասարդ լինելով, նա չէր կարող պետական ծառայության մեջ լինել: Որպես գրեթե անհավատալի հրաշք, նրան բաց էին թողել։

Համացանցում դրված տեսանյութը ցույց է տալիս, թե արնախում խմբավորումը ինչպես է պայթեցնում շինվարի ցեղախմբից տասը մարդու, այդ թվում՝ ծերերի: Բռնության նման տարածումը ստիպել է շատերին լքել իրենց տները:

Մի ընտանիք օրինակ ապրում է վրանում, քանի որ լքել են իրենց տունը և փախուստի դիմել։ Ընտանիքի անդամներից մեկը գլխատվել էր: Գլխատումից հետո ծայրահեղականները հրաժարվել էին վերադարձնել մարմինը՝ դրա դիմաց պահանջելով գումար ընտանիքից։ Իսկ հետո, նրանք բռնել էին մահացածի հորը և սպառնացել նրան ևս գլխատել, եթե ընտանիքը չվճարի։

Մարդիկ ստիպված վճարել են ու քոչել այդ տարածքից: Խմբի դաժանություններն այնքան ահավոր են, որ մարդկանց համար այն խստությունները, որ կիրառել է Թալիբանը, խաղ ու պար են թվում:

XS
SM
MD
LG