Մատչելի հղումներ

Բժիշկներ Առանց Սահմանների կազմակերպությունը դիմել է Օբամային


Պետության հզորությունը բնորոշվում է ոչ միայն դրա տնտեսական կամ ռազմական հզորությամբ, այլեւ սխալները հրապարակայնորեն ճանաչելու կարողությամբ: Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչել է Աֆղանստանում Բժիշկներ Առանց Սահմանների կազմակերպության հիվանդանոցը սխալմամբ ոչնչացնելու փաստը: Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էրնսթը միջադեպը «խորը ողբերգություն» է անվանել, ասելով, որ Միացյալ Նահանգներն այն լրջորեն կհետազոտի:

Բժիշկներ Առանց Սահմանների կազմակերպությունը, որը հայտնել է, որ հիվանդանոցում սպանվել է 12 հիվանդ եւ 10 աշխատակից, պահանջում է միջազգային հետաքննություն անցկացնել, Նյու Յորքում հայտարարել է կազմակերպության գործադիր տնօրեն Ջեյսոն Քոնը.

«Հարվածի բոլոր փաստերն ու հանգամանքները պետք է անկախ եւ անկողմնակալ հետաքննության ենթարկվեն, հատկապես հաշվի առնելով վերջին օրերին ի հայտ եկած հակասությունները: Մենք չենք կարող հույսը դնել միայն Միացյալ Նահանգների, ՆԱՏՕ-ի եւ Աֆղանստանի ներքին ռազմական հետաքննության վրա»:

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատար գեներալ Ջոն Քամբելը Միացյալ Նահանգների Կոնգրեսում վկայություն տալով, պատմել է, որ Միացյալ Նահանգները հիվանդանոցին հարվածել են առանց իմանալու այդ մասին, որովհետեւ աֆղանական մայրցամաքային ուժերը տեղեկացրել էին, թե այդ շինության մեջ գտնվող Թալիբանի զինյալները կրակ են բացում աֆղանական ուժերի վրա.

«Հիվանդանոցի վրա հարվածը սխալմամբ էր հասցվել: Մենք երբեք միտումնավոր չէինք հարվածի բժշկական հաստատությանը»:

Բժիշկներ Առանց Սահմանների կազմակերպությունն Աֆղանստանում իրենց հիվանդանոցի վրա հարվածը համարում է հարված Ժնեւյան պայմանագրերի դեմ.

«Այդ պայմանագրերն կառավարում են պատերազմի օրենքները եւ միտված են հակամարտություններում քաղաքացիական անձանց, այդ թվում՝ հիվանդների եւ բժշկական անձնակազմի պաշտպանմանը: Դրանք մարդասիրություն են ապահովում անմարդասիրական իրավիճակներում»:

Բժիշկներ Առանց Սահմանների կազմակերպությունը կոչ է արել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային փաստահավաք հանձնախումբ ստեղծել, ինչը կվկայի, որ ԱՄՆ-ը հարգում է միջազգային իրավունքը:

XS
SM
MD
LG