Մատչելի հղումներ

Փախստականները խաղաղ կյանք են ուզում


Մերձավոր Արեւելքից փախստականների հոսքը կանխելու համար անհրաժեշտ է մարդկանց համար հենց իրենց երկրներում ապահովել կայունություն եւ անվտանգություն, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է Մերձավոր Արեւելքի ամերիկյան հիմնադրամի խորհրդի նախագահ, գործարար Շանթ Մարտիրոսյանը: Նրա խոսքով, պատմությունը կրկնվում է, եւ եթե հարյուր տարի առաջ Մերձավոր Արեւելքի ամերիկյան օգնության կոմիտեն օգնում էր ցեղասպանությունից տուժած տասնյակ հազարավոր հայ որբերին եւ միլիոնավոր փախստականներին, այսօր Եվրոպան կանգնած է հարյուր հազարավոր գաղթականների ճգնաժամի առջեւ.

«Հետաքրքիր է, որ մարդիկ չեն փախչում հարեւան երկրներ, նրանք Եվրոպա են մեկնում, որովհետեւ մարդկանց մեծամասնությունն աշխատանք, խաղաղություն եւ անվտանգություն է ցանկանում, այսինքն՝ այն, ինչ բոլորս ենք ուզում»:

Մարտիրոսյանի խոսքով, մենք ականատեսն ենք Երկրորդ աշխարհամարտից հետո մարդկանց խոշորագույն տեղահանումների, որոնք կշարունակվեն, քանի դեռ լուծված չեն խնդիրները հենց Մերձավոր Արեւելքում.

«Միգրացիոն գործընթացները հնարավոր կլիներ կանխել հենց գաղթականների երկրներում խնդիրները լուծելով, սակայն, քանի դեռ մոտ ապագայում այդ ամենը հնարավոր չէ, մարդկանց հոսքը դեպի ավելի կայուն եւ բարգավաճող երկրներ, դեպի Եվրոպա եւ Միացյալ Նահանգներ, կշարունակվի»:

Մերձավոր Արեւելքի ամերիկյան հիմնադրամն այժմ գործում է ութ երկրներում, այդ թվում՝ Հորդանանում եւ Լիբանանում, օգնելով այդ երկրների բնակիչներին հաղթահարել հակամարտությունների հետեւանքները։ Իսկ 20-րդ դարի սկզբում Մերձավոր Արեւելքի ամերիկյան օգնության կոմիտեի տեսքով այս կազմակերպությունը ցեղասպանությունից տուժած հայերին ամերիկացիների կողմից 115 միլիոն դոլարի օգնություն էր տրամադրել, որը համարժեք է այսօրվա գրեթե երեք միլիարդին: Օգնություն, որի շնորհիվ միլիոնավոր մարդիկ փրկվեցին։

XS
SM
MD
LG