Մատչելի հղումներ

Օբաման հորդորում է Պուտինին կառուցողական դաշտ վերադառնալ


Միացյալ Նահանգները պատրաստ է համագործակցել Ռուսաստանի Դաշնության հետ, եթե Մոսկվան ապահովի Սիրիայում քաղաքական անցումը, որի արդյունքում Բաշար ալ Ասադը կկատարի Սիրիայի ժողովրդի ճնշող մեծամասնության պահանջը եւ կհեռանա իշխանությունից, հայտարարել է ասուլիսի ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման.

«Ես ասացի պարոն Պուտինին, որ պատրաստ եմ նրա հետ աշխատել, եթե նա միջնորդի իր գործընկերների, պարոն Ասադի եւ Իրանի կողմից քաղաքական անցման ապահովումը, այդ դեպքում մենք համաշխարհային հանրության մյուս մասի հետ կարող ենք միջնորդավորված կարգավորման հասնել»:

Օբամայի խոսքով, Միացյալ Նահանգները չի պատրաստվում համագործակցել ռուսական կողմի հետ միայն այն բանի համար, որպեսզի ոչնչացնեն ցանկացած մեկին, ով պահանջում է Ասադը հեռացումը:

«Նախագահ Պուտինի հետ իմ քննարկումներում ես շատ հստակ էի. Սիրիայում խնդրի լուծման միակ ճանապարհը համապարփակ քաղաքական անցումն է, որի շնորհիվ կպահպանվեն պետությունն ու բանակը: Եվ դրան հասնելու միակ ճանապարհը պարոն Ասադի հեռացումն է»:

Միացյալ Նահանգների նախագահն ընդգծել է, որ Սիրիական ճգնաժամը ռազմական լուծում չունի: Եթե Ռուսաստանն ու Իրանը փորձեն հարցը միայն ռազմական ճանապարհով լուծել, ճահճի մեջ կընկնեն եւ դեռ երկար դրա մեջ խրված կմնան:

Միեւնույն ժամանակ, Օբաման հիշեցրել է, որ Սիրիայում ընթացող հակամարտությունը ոչ թե Միացյալ Նահանգների եւ Սիրիայի որեւէ օղակի միջեւ է, այլ հակամարտություն է Սիրիայի ժողովրդի եւ դաժան, անգութ բռնակալի.

«Ասադը դեռ իշխանության ղեկին է, որովհետեւ Ռուսաստանն ու Իրանը նրան աջակցում են: Աջակցում են մի վարչակարգի, որը մերժվում է Սիրիայի բնակչության ճնշող մեծամասնության կողմից, վարչակարգ, որը պատրաստ է կամայականորեն բարելային ռումբեր նետել երեխաների, գյուղերի վրա եւ ավելի շատ հետաքրքրված է իշխանությունը պահելու, քան երկրի ներսում իրավիճակի բարելավման հարցերով»:

Օբաման ընդգծել է, որ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանն իրոք ունեն ընդհանուր շահ, այն է՝ «Իսլամական պետություն» խմբավորման ոչնչացումը: Սակայն Մոսկվան հաճախ տարբերակում չի դնում «Իսլամական պետություն» խմբավորման եւ Ասադի հեռացումը պահանջող չափավոր սուննի ընդդիմության միջեւ.

«Նրա տեսանկյունից իրենք բոլորն էլ ահաբեկիչներ են եւ դա աղետի տանող ուղի է, որը ես չեմ ընդունում»:

Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի նախագահը կրկնել է, որ Վաշինգտոնում պատրաստ են աշխատել թե′ Ռուսաստանի եւ թե′ Իրանի հետ, Սիրիայում ճգնաժամի կարգավորման եւ «Իսլամական պետություն» խմբավորման ոչնչացման ուղղությամբ.

«Պարոն Պուտինը ստիպված էր Սիրիա մտնել ոչ թե հզորության, այլ՝ թուլության պատճառով, որովհետեւ նրա հաճախորդը` պարոն Ասադը, տապալվում էր: Նրան բավարար չէր ուղղակի այնտեղ զենք ու ֆինանսական միջոցներ փոխանցել եւ այժմ ստիպված է սեփական ինքնաթիռներով եւ օդաչուներով մասնակցել: Այն կարծիքը, թե նա ծրագիր է առաջարկել եւ թե իբր միջազգային հանրությունը այն կենսունակ է համարում, թյուր է. Չգիտես ինչու, ես չնկատեցի, որ ՄԱԿ-ում նրա ելույթից հետո հակաահաբեկչական դաշինքի 60 անդամները կանգնեին իր թիկունքին: Այս պահին պարոն Պուտինի դաշինքը բաղկացած է միայն Իրանից եւ Ասադից: Աշխարհի մնացած մասը մեր դաշինքի մեջ է»:

Բարաք Օբաման հիշեցրել է, որ Ռուսաստանը մեկուսացված է, Մոսկվայի դեմ պատժամիջոցներ են ընդունել նույնիսկ ամենամոտ առեւտրային գործընկերները, իսկ Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի հիմնական դաշնակիցները Լիբիան եւ Սիրիան էին՝ Քադաֆին եւ Ասադը.

«Կարեւոր է հասկանալ. Ռուսաստանն ավելի հզոր չի դարձել իր գործողությունների արդյունքում: Նրանք ընդամենն ուշադրության են արժանացել»:

Պուտինի գործողությունները Օբամայի կարծիքով հաջողված են եղել միայն Ռուսաստանի ներսում իր վարկանիշը բարձրացնելու ուղղությամբ.

«Ես իրոք ցանկանում եմ, որ Ռուսաստանը հաջողության հասնի: Սա Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ մրցում չէ: Մեր շահերից է բխում, որ Ռուսաստանը միջազգային ասպարեզում լինի պատասխանատու, արդյունավետ խաղացող, որի հետ մենք կարող ենք գործ ունենալ՝ Չինաստանի, Եվրոպայի, Ճապոնիայի եւ այլ երկրների նման, որովհետեւ խնդիրները, որ մենք ունենք, լուրջ են»:

Միացյալ Նահանգների նախագահը հույս է հայտնել, որ ռուսական կողմը կօգնի Սիրիայում եւ Ուկրաինայում քաղաքական լուծումներ հայթայթել եւ ռուս-ամերիկյան հարաբերությունները կբարելավվեն.

«Սիրիան կռվադաշտ չի դառնալու Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ: Դաա մեր կողմից վատ ռազմավարություն կլիներ»:

«Սիրիան կռվադաշտ չի դառնալու Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ, դա մեր կողմից վատ ռազմավարություն կլիներ: Դա Ռուսաստանի, Իրանի եւ Ասադի հակամարտությունն է Սիրիայի ժողովրդի ճնշող մեծամասնության դեմ, իսկ մեր պտերազմը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ է»:

XS
SM
MD
LG