Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահական թեկնածուների առաջադրումը թեժանում է


Որքան մոտենում է 2016 թվականն, այնքան սրվում է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում մասնակցել ցանկացողների միջեւ մրցակցությունը:

Այսպես, հանրապետական Ջեբ Բուշը հրապարակային լուրջ քննադատությամբ հանդես եկավ իր կուսակից եւ հանրապետականների շրջանում ամենամեծ աջակցությունը վայելող Դոնալդ Թրամփի հասցեին՝ մեղադրելով վերջինիս անհանդուրժողականության մեջ.

«Սա բազմատեսակ երկիր է եւ մենք պետք է փայփայենք եւ պահպանենք այդ արժեքները, սակայն, պարոն Թրամփը չի հավատում այդ արժեքներին: Նա ցանկանում է մեզ պառակտել: Նա հանդուրժողականությանը չի հավատում»:

Միաժամանակ, Բուշն իր քննադատությունն ուղղում է Թրամփի լիբերալ հայտարարությունների դեմ, օրինակ՝ ի պաշտպանություն արհեստական վիժումների:

Մասնավորապես, Բուշը մատնանշում է, որ Թրամփն աջակցում է արհեստական վիժումների դիմելու կանանց իրավունքը: Դրան ի պատասխան, Թրամփը մեղադրել է Բուշին ապօրինի ներգաղթի խրախուսման եւ Իրաքի պատերազմի արդարացման մեջ:

Հանրապետական կուսակցության ներսում իրավիճակի փոփոխություն ակնկալում են սեպտեմբերի 16-ին նախատեսված երկրորդ բանավեճի արդյունքում: Հիշեցնենք, որ առաջին բանավեճին Ջեբ Բուշի ոչ համոզիչ ելույթները զգալիորեն պակասեցրեցին նրա աջակիցների քանակը:

Իրավիճակն անկայուն է նաեւ դեմոկրատների ճամբարում, որտեղ դեռեւս հարցականի տակ է մնում ընտրապայքարում փոխնախագահ Ջո Բայդենի մասնակցությունը: Ինքը՝ Բայդենն այս շաբաթ Ատլանտայի սինագոգում ելույթի ընթացքում հայտարարեց, որ կմասնակցի առաջադրման համար պայքարում, եթե դրա համար անհրաժեշտ բավարար չափով ուժ ունենա.

«Լինեմ անկեղծ. որոշում կայացնելիս առաջնահերթ գործոնը լինելու է այն, թե արդյոք ես եւ ընտանիքս ունենք ընտրապայքարին մասնակցելու բավարար էմոցիոնալ էներգիա: Ես կմասնակցեմ պայքարին միայն այն դեպքում, եթե պատրաստ լինեմ իմ կուսակցությանն ու Ամերիկայի ժողովրդին խոստանալ, որ ի վիճակի եմ սրտով ու ոգով նվիրվել այդ գործին»:

XS
SM
MD
LG