Մատչելի հղումներ

Հիլարի Քլինթընի վարկանիշը շարունակում է անկում ապրել


ԱՄՆ-ի արտգործնախարարի պաշտոնը ստանձնած տարիներին Հիլարի Քլինթընի անձնական էլեկտրոնային նամակների հասցեից ուղարկված եւս 15Օ նամակ հայտարարվել են գաղտնի տեղեկություններ պարունակող նյութեր։ Այս փաստը նախագահական ընտրությունների մրցապայքարում նրան դրել է չափազանց ծանր կացության մեջ։

Հասարակական վերջին հարցումները ցույց են տալիս, որ մայիս ամսից ի վեր Հիլարի Քլինթընը դեմոկրատներին աջակցող ընտրողների շրջանում կորցրել է իր վարկանիշի 2Օ տոկոսը։ Վերմոնտ նահանգը ներկայացնող սենատոր Բերնի Սանդերսն Այովա նահանգում այսպիսով ընդհուպ մոտեցել է Քլինթընին, իսկ Նյու Հեմփշիրում՝ նույնիսկ անցել նրանից։ Ասենք, որ այս երկու նահանգները չափազանց կարեւոր են ներկուսակցական ընտրությունների համար։

Վերլուծաբանները Քլինթընի ամեն մի նոր վայրէջքը կապում են հրապարակվող պաշտոնական էլեկտրոնային նամակների խմբաքանակի հետ։ Իսկ ըստ պաշտոնական աղբյուրների, իր անձնական էլեկտրոնային հասցեից Քլինթընն ուղարկել է գաղտնի 213 ուղերձ։

Արտգործնախարարությունը հայտնում է նաեւ, թե այդ տեղեկություններից եւ ոչ մեկը, այն ժամանակ, երբ Քլինթընն ուղարկել է, գաղտնի չեն համարվել։ Պետդեպարտամենտի ու Սպիտակ տան նման հայտարարությունները հիմք ընդունելով է Քլինթընը պնդում, թե ինքը չի ոտնահարել այն ժամանակվա օրենքները։
՝՝Ես շարունակ կրկնում եմ, որ ոչ ուղարկել, ոչ էլ ստացել եմ գաղտնի բովանդակությամբ նամակներ։ Ու վստահ եմ, որ շուտով բոլորը դա կհասկանան։ Եվ կապացուցվի այն, ինչ ես շարունակ ասում եմ՛՛, ասում է նա։

Սակայն ինչպես վերլուծաբաններն են ասում, եթե նույնիսկ Քլինթընը ճիշտ է, միեւնույնն է, նա ճիշտ չի կարողանում հարթել հարցը կամ ճիշտ պատասխան տալ իր քննադատներին։

Քաղաքական վերլուծաբաններից Ստուարթ Ռոթենբերգի խոսքերով. ՝՝Քլինթընը ընտրապայքարի բնատուր մասնագետ չէ։ Նա հանդես է գալիս մի տեսակ ծրագրավորված, երբեմն՝ խիստ։ Լավ մտքեր է արտահայտում իրավահավասարության, արդարության, եւ նվազագույն աշխատավարձի մասին։ Ունի լավ մտքեր, սակայն չունի ամերիկացիների մեծամասնության կողմից ընդունելի լինելու բաղադրություն՛՛։

Արդյո՞ք Քլինթընն արդեն տանուլ է տալիս նախագահական ընտրապայքարում։ Շատերի կարծիքով՝ այո, սակայն նրանք, ովքեր հավատում են նախկին արտգործնախարարի ուժերին, հիշեցնում են, որ նա իր դիրքերն ամրապնդելու համար դեռ ունի մեկ տարի ժամանակ։

Արամ Վանեցյան

XS
SM
MD
LG