Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգների հայերը փորձում են զարգացնել հայ-ամերիկյան տնտեսական գործընկերությունը


Միացյալ Նահանգների Հայ դատի գրասենյակը ցանկանում է հայ-ամերիկյան հարաբերությունները լրացնել տնտեսական եւ ներդրումային առավել լայն գործընկերությամբ, «Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում պատմել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը: Նրա խոսքով, ԱՄՆ-ի պետպաշտոնյաների հետ անցած մի շարք հանդիպումներում կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների համար բարենպաստ դաշտ ստեղծելու հարցը.

«Այդ ամենը մեր լայն օրակարգի մասն է, քանի որ ցանկանում ենք արմատական անցում կատարել օգնության տրամադրման վրա հիմնված հարաբերություններից դեպի առեւտրա-տնտեսական եւ ներդրումային գործընկերություն»:

Տնտեսական եւ ներդրումային գործընկերության հարցերն են քննարկվել մասնավորապես այս շաբաթ կայացած ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուի հետ, որն ի դեպ Օբամայի վարչակազմի օրոք հայ համայնքի հետ առանձին հանդիպում անցկացրած ամենաբարձրաստիճան ամերիկյան պաշտոնյան է.

«Ընդհանուր առմամբ մենք քննարկել ենք հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների ընդլայնման եւ Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջեւ առավել սերտ գործընկերության զարգացման հեռանկարները»:

Համբարյանի խոսքով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ստորագրված Առեւտրի եւ Ներդրումների շրջանակային համաձայնագիրը, ինչպես նաեւ Որոտանի ՀԷԿ-ի գործարքը ճանապարհ հարթեցին տնտեսական գործընկերության զարգացման համար: Հոկտեմբերին Հայաստան կայցելի Միացյալ Նահանգների հատուկ պատվիրակություն, որը նախատեսում է ուսումնասիրել Հայաստանում վերարտադրվող էներգիայի զարգացման հնարավորությունները, ինչը կթուլացնի երկրի կախվածությունը դրսի էներգակիրներից:

«Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել: Անշուշտ, զարգանալու դեռ շատ տեղ կա, սակայն, մենք ճիշտ ուղու վրա ենք», - ավելացրել է Արամ Համբարյանը:

XS
SM
MD
LG