Մատչելի հղումներ

Ամերիկահայ կոնգրեսական. Ես ունեմ հատուկ պարտավորություն


Հայկական արմատներ ունեցող ամերիկացի կոնգրեսական Աննա Էշուն, որը մայրական կողմից նաեւ Բաբայան է, հայ-ամերիկյան կապերի ամրապնդման ամենաեռանդուն կողմնակիցներից մեկն է: Կոնգրեսականի խոսքով, հաշվի առնելով հայ-ասորական արմատները, ինքը կարող է հատուկ դեր խաղալ այդ հարաբերությունների ամրապնդման գործում.

«Ես զգում եմ, որ հատուկ պատասխանատվություն ունեմ, այսպես ասած, սուրբ պարտավորվածություն՝ օգնելու հայ ժողովրդի հետ հարաբերությունների զարգացմանը»:

Միացյալ Նահանգները պետք է աջակցի Հայաստանում պետական եւ հանրային հաստատությունների զարգացմանը, համոզված է Աննա Էշուն, որի խոսքով հենց այդ հաստատություններն են այնուհետեւ ժողովրդավարության զարգացման լավագույն գործիքը դառնում, ինչն էլ իր հերթին կբարելավի տնտեսական վիճակը երկրում:

Կիսվելով ապրիլին՝ Ցեղասպանության հիշատակի օրերին, Հայաստան կատարած իր այցի տպավորություններից, կոնգրեսականը նշեց, որ հաճույքով նկատել է տաղանդավոր երիտասարդների բազմությունը Հայաստանում.

«Երիտասարդներն ուզում են նայել դեպի ապագան։ Աայսպիսով՝ Հայաստանը պետք է ի վիճակի լինի պահպանելու այդ երիտասարդներին, պայմաններ ստեղծելով նրանց համար, որպեսզի տեղի չունենա ուղեղների արտահոսք եւ որ նրանք Հայաստանում մնալու պատճառ ունենան, վերականգնեն ու զարգացնեն երկրի տնտեսությունը»:

ԱՄՆ-ի տեխնոլոգիապես ամենազարգացած Սիլիկոնի հարթավայրը ներկայացնող կոնգրեսականի Էշուի խոսքով, այս հարցում Հայաստանին լուրջ աջակցություն պետք է ցուցաբերի Միացյալ Նահանգները, օգնելով կրթել եւ իրենց երկրի ներսում նոր հնարավորություններ ստեղծել հայ երիտասարդների համար:

«Նրանք նայում են դեպի Արեւմուտք եւ ցանկանում են Արեւմտյան ժողովրդավարություն կառուցել, ժողովրդավարություն, որը թույլ կտա երկիրը ոտքի կանգնեցնել», - ավելացրեց կոնգրեսականը:

Աննա Էշուն ավելացրեց, որ ապագայում անպայման նպաստելու է Հայաստանի հետ հարաբերությունների առավել խորացմանը եւ հիշեցրեց, որ հայ ժողովուրդն Ամերիկայի Կոնգրեսում ունի բազմաթիվ բարեկամներ:

XS
SM
MD
LG