Մատչելի հղումներ

Հայաստանը թրաֆիքինգի զոհերի պաշտպանության առաջատարն է


Միացյալ Նահանգների պետքարտուղարության կողմից հրապարակված զեկույցի համաձայն, Հայաստանը մարդկանց թրաֆիքինգի զոհերի պաշտպանության հարցում աշխարհի 31 առաջադեմ երկրներից մեկն է:

Ըստ զեկույցի, Հայաստանի Հանրապետությունը նախկին Խորհրդային Միության երկրներից միակն է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի հետ միասին պատկանում է մարդկանց թրաֆիքինգի զոհերի պաշտպանության առաջին դասի երկրներին: Ներկայացնելով զեկույցը, պետքարտուղար Ջոն Քերրին ընդգծել է թրաֆֆիքինգի դեմ պայքարի կենսական նշանակությունն ամբողջ աշխարհի համար.

«Սա պայքար է փողի դեմ, պայքար՝ չարիքի դեմ, անընդունելի է, որ 2015 թվականին մենք դեռեւս հանդիպում ենք մեր օրերի ստրկության դեպքերին»

Նշենք, որ զեկույցի համաձայն Հայաստանը թեեւ կատարել է թրաֆիքինգի վերացման բոլոր պահանջները, այնուամենայնիվ, խնդիրը կարգավորված չի կարող համարվել: Մասնավորապես, անցած տարվա ընթացքում հանրապետությունում վատթարացել է սեռական թրաֆիքինգի խնդիրը: Այսպես, Հայաստանից կանայք եւ աղջիկներ են ապօրինի տեղափոխվել Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Թուրքիա, մինչդեռ Հայաստանում գրանցվել են Չինաստանից կանանց թրաֆիքինգի դեպքեր: Գրանցվել են նաեւ Ռուսաստանի Դաշնությունում հայ տղամարդկանց բռնի աշխատացնելու դեպքեր: Հանրապետության գյուղական շրջաններում բնակվող մարդիկ խոցելի են մնում թրաֆիքինգի վտանգի առջեւ, նշված է զեկույցում:

Անդրադառնալով աշխարհով մեկ թրաֆիքինգի վտանգին՝ Ջոն Քերրին կոչ է արել այդ չարիքի դեմ մղվող պատերազմին միանալ ինչպես ամբողջ աշխարհի պետական կառույցներին, այդպես էլ՝ հասարակական կազմակերպություններին ու լրատվամիջոցներին.

«Դա մի պատերազմ է, որը մենք պարտավոր ենք հաղթել: Դա մեր օրերի մարդու իրավունքների դեմ հսկայական մարտահրավեր է»:

Զեկույցի ներկայացման վերջում պետքարտուղար Քերրին ընդգծեց, որ թեեւ փողը կարող է շատ բաներ գնել, սակայն այլեւս երբեք դրանով չպետք է հնարավոր լինի գնել մարդու:

XS
SM
MD
LG