Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգները կօգնի Հայաստանի գյուղացուն


USAID Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության եւ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը տասնամյակների պատմություն ունի: Դեռեւս 1992-ին սկսված այս համագործակցությունը զարգանում է Հայաստանի քաղաքային, մշակութային եւ առեւտրատնտեսական կյանքի ամբողջ սպեկտրով: Վերջերս Հայաստան այցելած Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով փոխտնօրենի տեղակալ Ջոնաթան Քաթսը նշում է, որ հատկապես զգալի հեռանկարներ են նկատվում Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար.

«Հայաստանը ճիշտ ուղով է առաջ շարժվում, արտադրում է մեծ պահանջարկ վայելող գյուղատնտեսական ապրանքներ, ունի աճի մեծ ներուժ, ինչը բոլորիս համար ակնհայտ է, եւ մենք պատրաստ ենք օգնել Հայաստանին»:

Մասնագետի խոսքով, հանրապետության գյուղատնտեսության առաջնային հարցերը ոռոգման ջրի հասանելիությունն է, ինչպես նաեւ՝ գյուղմթերքների ժամանակակից վերամշակումն ու արտահանումը.

«Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների պակասը լուրջ խնդիր է ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ՝ Հայաստանի կառավարության համար»:

Դաշտավայրում ստեղծվել են բազմաթիվ մանր եւ միջին ձկնային տնտեսություններ եւ դրանք բոլորը, ինչպես նաեւ Մեծամորի ատոմակայանը, մրցակցում են ջրի համար: Այսպիսով, գյուղատնտեսության կայուն աճ ապահովելու համար անհրաժեշտ է ապահովել նաեւ ջրի կայուն մատակարարում:

«Հայաստանում գյուղացիներից մեկը ձեռքս բռնեց ու տարավ իր տան կից այգին, որտեղ տեղում ցույց տվեց, ինչպիսի հսկայական տարբերություն ունի մշտական ջրամատակարարումը», - ասում է Ջոնաթան Քաթսը։

ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցչի խոսքով, Միացյալ Նահանգները օգնում է Հայաստանի կառավարությանը լավագույնս բաշխել գյուղացիներին տրամադրվող պետական միջոցները եւ ավելացնել պետական ծրագրերի արդյունավետությունը: Ջոնաթան Քաթսի խոսքով, Միացյալ Նահանգները շարունակելու է նաեւ օգնել Հայաստանի գյուղտնտեսության ոլորտում նորաձեւ չափանիշների եւ ընթացակարգերի մշակումը, ինչն անհրաժեշտ է հայկական ապրանքները արտերկիր, այդ թվում եւ՝ Եվրամիություն արտահանելու համար:

XS
SM
MD
LG