Մատչելի հղումներ

Երեւան. Բելգիայում Հայոց ցեղասպանության ճանաչումը ամբողջացնում է գործընթացը


Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող բանաձեւը ամբողջացնում է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Մեկնաբանելով Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը՝ Նալբանդյանը մասնավորապես հիշեցրել էր, որ դեռ տասնյոթ տարի առաջ Բելգիայի Սենատը հատուկ բանաձեւով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, իսկ մոտ մեկ ամիս առաջ Բելգիայի վարչապետը վերահաստատեց Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ կառավարության դիրքորոշումը։

«Այսօր Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը ամբողջացնում է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Ողջունելի է Բելգիայի Թագավորության օրենսդիր եւ գործադիր իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության աներկբա ճանաչումը», - նշվում է արտգործնախարար Նալբանդյանի հայտարարության մեջ:

«Ազատություն» ռ/կ հաղորդմամբ, Թուրքիայի արտգործնախարարությունը Բելգիայի ընդունած որոշումն անարդար ու պատմական իրողություններին չհամապատասխանող քայլ է որակել: Ըստ պաշտոնական Անկարայի, Բելգիան փորձում է սեւացնել թուրքական ինքնությունը:

Հիշեցնենք, որ Բելգիայի խորհրդարանի բանաձեւը կոչ է անում Հայաստանին և Թուրքիային օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, բացել սահմանը և ուղիներ հարթել տնտեսական ինտեգրացման համար:

XS
SM
MD
LG