Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը վստահեցնում է, որ Իսրայելին վտանգ չի սպառնում Իրանից


ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթըն Քարթերը երկուշաբթի օրը ժամանեց Իսրայել, ինչն ԱՄՆ-ի բարձրաստիճան որեւէ պաշտոնյայի կողմից այս երկիր կատարած առաջին այցն էր Իրանի հետ միջուկային հարցերով գործարքի կնքումից հետո։ Այստեղ նրան ընդունել է իր պաշտոնակից Մոշե Յաալոնը։ Երեքշաբթի պիտի ընդուներ վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

Քանի դեռ աշխարհի գերհզոր վեց պետությունները բանակցություններ էին վարում Իրանի հետ՝ այս երկրի միջուկային ծրագրերը կրճատելու եւ Թեհրանին միջազգային տնտեսական պատժամիջոցներից ազատելու հարցերի շուրջ, դեռեւս չկնքված գործարքի դեմ շարունակ հանդես էր գալիս Իսրայելը, հատկապես երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Նա պնդում էր, որ Իրանի նկատմամբ գործող պատժամիջոցների թուլացումը Թեհրանին կտա միջուկային իր ծրագրերին զարկ տալու ավելի լայն հնարավորություններ՝ սպառնալով Իսրայելի գոյությանն ու ԱՄՆ-ի եւ աշխարհի անվտանգությանը։

Մինչեւ Թել Ավիվ հասնելը, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթըն Քարթերը հայտարարեց, թե ինքը չունի Իսրայելի ղեկավարներին իրենց բռնած այս դիրքից հրաժարվելու կոչով դիմելու որեւէ մտադրություն։ Սակայն ավելացրեց, թե Իրանի հետ կնքված գործարքը որեւէ կերպ չի սահմանափակում Իսրայելի անվտանգությունը երաշխավորելու համար ԱՄՆ-ին տրված հնարավորությունները։

Իսրայելի մտավախություններն արտահայտվում են նաեւ այս երկրի գաղտնի ծառայությունների՝ Մոսադի նախկին ղեկավար Շաբթայ Շավիթի խոսքերում, ով ասում է, թե Իրանի ու Արեւմուտքի միջեւ միջուկային հարցերով կնքված գործարքը Երուսաղեմին դրդում է միանալ ՝՝Նոր Մերձավորարեւելյալ կարգերին՛՛։ Նկատի ունի Սուննի արաբական երկրների հետ Իսրայելի մերձեցմանը, երկրներ, ինչպես օրինակ Եգիպտոսը, Հորդանանն ու Պարսից ծոցի շեյխությունները, որոնք Իսրայելի պես մտահոգված են Իրանի նկատմամբ Արեւմուտքի նոր քաղաքականությամբ։

Այսօր, երբ Իրանի հետ կնքված գործարքի հետ կապված Իսրայելի զայրույթի պատճառով, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը փորձում է ավելի զարկ տալ Իսրայելի հետ իր կապերին, հիմնականում ռազմական համագործակցության եղանակով։ ԱՄՆ-ը հարյուր միլիոնավոր դոլարների ներդրումներ է կատարել Իսրայելի օդային պաշտպանական Երկաթե գմբեթ համակարգում, որի նպատակը Լիբանանից կամ Գազայի գոտուց Իսրայելի դեմ արձակված որեւէ մոտ նշանառութան հրթիռ ոչնչացնելն է։ ԱՄՆ-ը խորացնում է նաեւ հակահրթիռային ու պաշտպանական համակարգերում Իսրայելի հետ համագործակցությունը։

Հենց նույն օրը, երբ նկքվեց Իրանի հետ միջուկային հարցերով Արեւմուտքի գործարքը, Քարթերը հայտարարեց, թե ԱՄՆ-ը պատրաստվում է օգնել Իսրայելին իր անվտանգությունը բարելավելու ուղղությամբ, սակայն մանրամասներ չներկայացրեց։
Բայց ավելացրեց, որ ԱՄՆ-ը ՝՝իր դաշնակիցներին պաշտպանելու համար անհրաժեշտության դեպքում կկիրառի ռազմական ուժ՛՛։

XS
SM
MD
LG