Մատչելի հղումներ

Վիեննայում կնքվեց միջուկային գործարք Իրանի ու վեց գերտերությունների միջեւ


Վիեննայում Իրանի ու վեց գերտերությունների միջեւ համաձայնություն է ձեռք բերվել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։ Եվրամիությունը հայտարարել է առավոտյան կայանալիք «վերջնական լիագումար հանդիպման» մասին, որից հետո հրավիրվելու է մամուլի ասուլիս:

Ըստ պայմանագրի, որի վերջնական տարբերակում հնարավոր են փոփոխություններ, ՄԱԿ-ի փորձագետներին թույլ կտրվի մուտք գործել Իրանի բոլոր այն վայրերն ու հաստատությունները, որտեղ հնարավոր է պահել կամ կառուցել միջուկային զենք։ Նույն համաձայնագրով Թեհրանը պարտավորվում է կրճատել միջուկային իր գործունեությունը եւ ազատվում է Արեւմուտքի սահմանած տնտեսական պատժամիջոցներից։

Իրանի արտգործնախարարը գործարքն անվանել է ՝՝պատմական՛՛։ Երկրի նախագահ Ռուհանին, հանդես գալով հեռուստատեսությամբ, ասել է, թե այն նոր էջ է բացում աշխարհի հետ Իրանի հարաբերություններում ու ավելացրել, թե իրանցիների աղոթքները ի վերջո ՝՝իրականացան՛՛։

Ելույթ ունենալով Սպիտակ տնից՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե ՝՝այս գործարքը բավարարում է բոլորին։ Այժմ կտրված է դեպի միջուկային զենք տանող յուրաքանչյուր ճանապարհ՛՛։ Այնուհետեւ Օբաման ավելացրել է, թե այս գործարքը կնքվում է ոչ թե վստահության, այլ՝ ստուգումների հիման վրա՛՛։

Օբամայի խոսքերով, պատժամիջոցների մեղմացումը կիրականանա աստիճանաբար եւ որ զենքերի եւ հրթիռների առեւտրի վրա դրված բեռնարգելքը կվերացվի համապատասխանաբար հինգ եւ վեց տարիների ընթացքում։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այս գործարքն անվանել է ՝՝պատմական սխալ՛՛ ու հայտարարել, թե պատժամիջցոների մեղմացման արդյունքում Իրանը կստանա այժմ սառեցված միլիարդավոր դոլարները ու դրանք կկիրառի ՝՝իր ահաբեկչական մեքենայում եւ Մերձավոր Արեւելքում իր ագրեսիան իրականացնելու համար՛՛։

ԱՄՆ-ի Կոնգրեսում մոտեցումները տարաբնույթ են։ Կոնգրեսականների մի մասը նախազգուշացնում է գործարքն ուժի մեջ մտցնելու ՝՝վտանգների՛՛ մասին։ ԱՄՆ-ի օրենսդիր մարմինն այժմ ունի գործարքը քննարկելու ու դրա շուրջ քվեարկություն անցկացնելու համար 6Օ օր ժամանակ։

XS
SM
MD
LG