Մատչելի հղումներ

Քլինթըն. Շատ աշխատողը պետք է լավ ապրի


Նյու Յորքում, նախագահական թեկնածու դառնալու մրցապայքարի շրջանակներում Հիլարի Քլինթընը հանդես է եկել մի ելույթով, որը վերլուծաբաններից շատերը համարում են նրա տնտեսական քաղաքականության ծրագրային հայտարարություններից մեկը: Հավատարիմ մնալով դեմոկրատական կուսակցության օրակարգին, Հիլարի Քլինտընը հայտարարել է աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտության մասին: Նրա խոսքով, շատ աշխատող քաղաքացին պետք է նաեւ բավականաչափ վարձատրվի եւ շատ աշխատողը պետք է իրեն թույլ տա միջին խավի կյանքով ապրել.

«Մենք պետք է ավելացնենք բոլոր աշխատող ամերիկացիների աշխատավարձը, որպեսզի նրանք միջին խավի ամերիկացու կյանք վայելեն»:

Առանձնակի ուշադրությամբ Հիլարի Քլինթընն անդրադարձավ կրթական ծրագրերի եւ երիտասարդներին կրթական վարկեր տրամադրելու հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտությանը.

«Յուրաքանչյուր երեխա պետք է ի վիճակի լինի լիարժեք իրականացնել իր ներուժը»:

Քլինթընը նաեւ քննադատության ենթարկեց 2016-ին կայանալիք նախագահական ընտրապայքարում հնարավոր մրցակից, հանրապետական Ջեբ Բուշի տնտեսական մոտեցումները: Մասնավորապես, օրերս Բուշը հայտարարել էր, որ ամերիկացիներին անհրաժեշտ է ավելի շատ աշխատել: Դրան ի պատասխան, Քլինթընը կարծիք հայտնեց, որ երեւի թե Ջեբ Բուշը առանձնապես շատ ամերիկացի աշխատավորների չի հանդիպել, հակառակ դեպքում տեղյակ կլիներ, որ նրանք առանց այն էլ շատ են աշխատում.

«Նրանք դասախոսության կարիք չունեն, նրանք աշխատավարձի բարձրացման կարիք ունեն»:

XS
SM
MD
LG