Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգները կօգնի Ղարաբաղին


Միացյալ Նահանգների Սենատի հատկացումների հանձնաժողովը որոշել է վերականգնել Լեռնային Ղարաբաղը ամերիկյան օգնություն ստացողների շարքում եւ ավելացնել Հայաստանին հատկացվող գումարը, «Ամերիկայի Ձայնին» պատմեց Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Եղիսաբեթ Չուլջյանը.

«Արցախին Ամերիկայի օժանդակությունը շարունակելու մասին երեկվա որոշումը կարեւոր քայլ էր՝ Ամերիկա-Արցախ հարաբերությունների ամրապնդման համար»:

Չուլջյանի խոսքով՝ 1998-ից ի վեր շարունակվող ամերիկյան օգնությունը Լեռնային Ղարաբաղին կարեւոր դեր է խաղում տեղի բնակչության մարդասիրական խնդիրները կարգավորելու համար: Սենատի հատկացումների հանձնաժողովի որոշմամբ 10 տոկոսով ավելացել է նաեւ ամերիկյան օժանդակությունը Հայաստանին` հասնելով 20 միլիոն դոլարի:

Հայաստանին ամերիկյան հատկացումները սոսկ թվեր չեն: Այդ միջոցներով տասնյակ հայ երիտասարդներ արտերկրում ուսումը շարունակելու հնարավորություն են ստանում, հարյուրավոր կանանց համար ապահովվում է քաղցկեղի անվճար վաղ ախտորոշում եւ լիակատար բուժում, Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում վնասազերծվում են հազարավոր ականներ, փրկվում եւ բարելավվում են բազմաթիվ մարդկանց կյանքեր:

Միայն Ղարաբաղում ԱՄՆ-ի պետբյուջեից ստացված միջոցներով եւ բարերարների օգնությամբ հաջողվել է վնասազերծել 250-ից ավելի ականապատված դաշտ: Հայաստանում տասնյակ գյուղեր ապահովվել են ոռոգման եւ խմելու ջրով, լուսավորվել են մարզային քաղաքների եւ գյուղերի փողոցներ, մանր արտադրողներին վարկ ստանալու հնարավորություն է տրվել:

Եղիսաբեթ Չուլջյանի խոսքով, Միացյալ Նահանգների օգնությունը նաեւ կարեւոր խորհրդանշական դեր է կատարում.

«Սրանք կարեւոր քայլեր են՝ ամերիկյան կառավարության հետ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի՝ կապերն ամրապնդելու ուղղությամբ»:

Հայ համայնքն այժմ փորձում է նաեւ երաշխավորել, որպեսզի Սիրիայի փախստականներին ԱՄՆ-ի կողմից հատկացվող 195 միլիոն դոլարի օգնության մի մասը տրամադրվի նաեւ Սիրիայից Հայաստան եւ այլ երկրներ տեղափոխված հայերին.

«Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը շարունակում է աշխատանքները, որպեսզի համոզված լինի, որ այն բոլոր հայերը, որոնք Սիրիայից տեղափոխվել են Հայաստան եւ այլ երկրներ, օժանդակություն ստանան»:

XS
SM
MD
LG