ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) իր այսօրվա նիստում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանը տուգանեց 60 միլիոն դրամով՝ նոր սպառողներին էլեկտրական ցանցին միացման սահմանված կարգը խախտելու պատճառով:
Ազատություն ռ/կ հաղորդմամբ, չնայած կնքված պայմանագրերին, ռուսաստանյան ընկերությունը ոչ միայն տեւական ժամանակ չի կատարել իր պարտավորությունը և սպառողներին չի միացրել էլցանցին, այլև ապրիլից ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի հրամանով նոր սպառողներից էլցանցին միացվելու համար սահմանված վճարից բացի պահանջել է վճարել նաև այդ նպատակով ընկերության կատարած բոլոր աշխատանքների ծախսերը՝ պայմանով, որ հետագա հինգ տարիներին ՀԷՑ-ը այդ գումարը փոխհատուցելու է՝ մատակարարված էլեկտրաէներգիայի տեսքով:
NEWS.am-ի հաղորդմամբ՝ ՀԾԿՀ կառավարման եւ մոնիտորինգի վարչության պետ Աբգար Բուդաղյանը հայտարարել է, որ «էլեկտրական ցանցին միանալու համար ոչ մի կանխավճար չի նախատեսված էլեկտրաէներգիայի մատակարարման ու օգտագործման կանոններով, հետեւաբար ՀԷՑ-ի նման որոշումը իրավաչափ չի եղել»:
ՀԷՑ-ի մամլո քարտուղար Նատալյա Սարջանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց նաեւ, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վաճառքի շուրջ բանակցություններ չեն ընթանում, իսկ խոսակցություններն այն մասին, որ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին ազատելու են աշխատանքից, իրականությանը չեն համապատասխանում: