Մատչելի հղումներ

Օբամա. Գաղափարախոսությունները չեն հաղթահարում զենքով


Միացյալ Նահանգների ռազմավարությունը՝ «Իսլամական պետություն»՝ ԻՍԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ուղղությամբ:

Պենտագոն, ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբամայի ելույթից հատվածներ.

Մեր նպատակն է քայքայել եւ վերջնականապես ոչնչացնել «Իսլամական պետություն»՝ ԻՍԻՊ ահաբեկչական խմբավորումը՝ այդ նպատակով ստեղծվել է դաշինք, որը ողջ աշխարհով մեկ միավորել է 60 երկիր, այդ թվում եւ արաբական գործընկերներին: ԻՍԻՊ-ի դեմ մեր բազմակողմանի ռազմավարությունը ներառում է ամերիկյան հզորության բոլոր բաղադրամասերը՝ ռազմական, հետախուզական, դիվանագիտական, տնտեսական, զարգացումը եւ մի գուցե ամենակարեւորը՝ մեր արժեքների հզորությունը:

Կցանկանայի ամփոփել ներկա իրավիճակը. Սկսեմ կրկնելով դեռ ամենասկզբում արտահայտած միտքս՝ սա արագ չի իրականանալու, սա երկարատեւ արշավ է: ԻՍԻՊ-ը ճկուն է ու օգտագործում է ցանկացած հարմար առիթ: Սիրիայի եւ Իրաքի բազմաթիվ վայրերում, այդ թվում եւ քաղաքավայրերում, այն թաքնված է անմեղ քաղաքացիական բնակչության շրջանում եւ ժամանակ կպահանջվի նրան այնտեղից վեր հանելու համար: Դա պետք է արվի տեղական ուժերի կողմից, որոնց մենք կմարզենք եւ որոնց կաջակցենք օդից:

ԻՍԻՊ-ի ռազմավարական թուլություններն իրական են. Այն շրջապատված է երկրներով եւ համայնքներով, որոնք ցանկանում են դրա ոչնչացումը, այն չունի օդուժ, մեր դաշինքը վերահսկում է երկինքը, ԻՍԻՊ-ին չի աջակցում եւ ոչ մի երկիր, այն հիմնված է վախի վրա, երբեմն մահապատժի է ենթարկում սեփական հիասթափված մարտիկներին: Դրա անզուսպ գազանությունները հաճախ իրենից հեռացնում են դրա ենթականերին՝ նոր թշնամիներ ստեղծելով: Սիրիայում եւ Իրաքում ԻՍԻՊ-ի վերջին պարտություններն ապացուցում են, որ այն կարող է եւ պետք է պարտություն կրի:

Բռնի ծայրահեղականության դեմ մեր պայքարը չպետք է ուղղված լինի որեւէ համայնքի դեմ, դրա հավատքից կամ պատմությունից ելնելով, այդ թվում եւ՝ հայրենասեր մահմեդական ամերիկացիների, որոնք մեր երկրի անվտանգության պահպանման գործում մեր գործընկերներն են: Դրա հետ միասին, մենք պետք է հասկանանք, որ ԻՍԻՊ-ը հատկապես արդյունավետ է գործել՝ հասնելով եւ հավաքագրելով խոցելի մարդկանց՝ ինչպես ամբողջ աշխարհում, այդպես էլ՝ Միացյալ Նահանգներում, եւ նրանց հիմնական թիրախն են աշխարհով մեկ սփռված մահմեդական համայնքները:

ԻՍԻՊ-ի եւ Ալ Քաեդայի նման ահաբեկչական խմբավորումներին ոչնչացնելու համար մեզ անհրաժեշտ է նաեւ վարկաբեկել նրանց գաղափարախոսությունը՝ այն աղավաղված մտածելակերպը, որը խոցելի մարդկանց իրենց օղակն է ներքաշում: Ինչպես ես նախկինում նշել եմ, ու տեղյակ եմ, որ կարծիքս կիսում են մեր ռազմական հրամանատարները, այս բռնի ծայրահեղականության ոչնչացման մարտահրավերը սոսկ ռազմական գործողություններով հնարավոր չէ իրականացնել: Գաղափարախոսությունները չեն հաղթահարվում զենքով, նրանք հաղթահարվում են առավել լավ գաղափարներով, առավել գրավիչ եւ գերող տեսլականով:

XS
SM
MD
LG