Մատչելի հղումներ

Բաղրամյանից դեպի Ազատության հրապարակ


Ոստիկանության ուժերով Բաղրամյան պողոտայից, որտեղ գրեթե երկու շաբաթ անցնում էր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքը, հեռացվել են բոլոր ցուցարարները: NEWS.am-ի հաղորդմամբ, հարյուրավոր ոստիկաններ այս պահին պատ կազմած կանգնել են Բաղրամյան պողոտայի մայթերին:

Ցուցարարների մի մասը բերման էին ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, այնուհետեւ՝ ազատ արձակվել: Միեւնույն ժամանակ՝ Ազատություն ռ/կ հաղորդմամբ, Բաղրամյան պողոտայից հեռացված ցուցարարները հայտարարում են, որ այսօր ժամը 20։00-ին հավաքվելու են Ազատության հրապարակում, սակայն իրենց հետագա քայլերը դեռեւս չեն հստակեցնում։

Լրատվամիջոցները հայտնում են, որ բողոքի նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը վատ ինքնազգացողության պատճառով տեղափոխվել էր հիվանդանոց։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Դավիթ Սանասարյանն ուղեղի ցնցում է ստացել:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը հուլիսի 6-ին հայտարարություն էր տարածել, որ պատրաստվում է բացել Բաղրամյան պողոտան, որից հետո ոստիկանները պողոտայում նստած ցուցարարների մեծ մասին ոտքերից բռնած, գրկած վիճակում բերման ենթարկեցին:

Իր վերլուծականում 1in.am-ը նշում է, որ պետք է ամեն ինչ անել Բաղրամյանում երկու շաբաթ շարունակ կուտակված հայաստանյան թանկ ռեսուրսը չփոշիացնելու, գեներացնելու, տարածելու համար:

XS
SM
MD
LG