Մատչելի հղումներ

Էբոլայի վերսկսումը Լիբերիայում վարակված պատանու կյանք է խլել


Չնայած նրան, որ էբոլան դաժան հետևանքներ էր ունեցել վարակվածների համար, այդ մահացու վարակը, կարծես թե, վերացվել էր: Վերջերս Լիբերիայում գրանցվել է մի դեպք, որ էբոլան մի պատանու կյանք է խլել:

Լիբերիայի առողջապահության փոխնախարար Թոլբերտ Նյենսվահի խոսքերով, առայժմ պարզ չէ, թե տղան որտեղ է վարակվել: Գործը հետազոտության փուլում է:

«Մեր թիմը երեկ գտնվում էր մահացած երեխայի ծնողների տանը՝ իրավիճակը ուսումնասիրելու եւ տարածքը հետազոտելու նպատակով: Մեր վերահսկողության թիմի ներկայացուցիչները երեխայի դին երեկ այնտեղից վերցրեցին և հետազոտում անցկացրին: Էբոլայի վիրուսի անալիզը դրական արդյունք տվեց», ասել է Նյենսվահը:

Փոխնախարարը նաև հորդորեց հանրությանը խուճապի չմատնվել, քանի որ մայիսի 9-ին Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության Լիբերիայում վարակի վերացման մասին հայտարարությունից հետո դա միակ գրանցված դեպքն է եղել:

Սակայն, Նյենսվահի հորդորը, կարծես թե, անցավ հոգեկան ծանր հարված ստացած հանրության ուշադրության շրջանակներից դուրս։

Բնակիչներից Գբատեմե Սնեհը Ամերիկայի Ձայնի լրագրողին պատմում է, որ Էբոլա վարակից հազարավոր մահացած մարդկանց մասին հիշողությունները հետապնդում են իրեն: Նա ասում է, որ տեսել է, թե ինչպիսի ազդեցություն է վարակը ունեցել վերապրածների վրա և, որ նույնիսկ միտքը, որ վարակը կարող է վերսկսվել, նրան սարսափեցնում է: Նա նաեւ նշում է, որ դժվար է եղել նաև գործով ճանապարհորդող Լիբերիայի քաղաքացիների համար: Մարդիկ պարզապես խարանվում են:

Լիբերիայի մեկ այլ բնակիչ՝ չորս երեխաների մայր Քոմֆորթ Ֆրիմանը նույն զգացողությունն ունի: Նրա խոսքերով, չափահասները կարող են վարակից խուսափելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, սակայն երեխաները լիովին խոցելի են:

Էբոլայի վարակի բռնկումը սկսել էր 2013թ. դեկտեմբերին՝ հարվածի տակ դնելով Լիբերիան, Գվինեան եւ Սիերա Լեոնեն: Վարակից մահացել է ավելի քան 11,000 մարդ: Վերջերս Գվինեան երեք շաբաթվա կարանտին էր հայտարարել ՝ Էբոլան կրկին վերացնելու նպատակով:

XS
SM
MD
LG