Մատչելի հղումներ

Բողոքներ Երեւանում՝ գնդակն իշխանությունների դաշտո՞ւմ է


Մինչ Հայաստանում հազարավոր քաղաքացիներ շարունակում են իրենց խաղաղ բողոքն արտահայտել էլեկտրաէներգիայի գների թանկացումների դեմ, միջազգային կազմակերպությունների ու վերլուծաբանների կարծիքով գնդակը երկրի իշխանությունների դաշտում է գտնվում:

«Ամերիկայի Ձայնին» տված բացառիկ հարցազրույցում Ժողովրդավարության եւ Մարդու Իրավունքների գործերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Թոմ Մալինովսկին նշել է, որ հայ ժողովուրդն անպայման պետք է ունենա ազատ եւ խաղաղ հավաքների իրավունք.

«Մենք հավատում ենք, որ մարդիկ պետք է իրավունք ունենան ազատ հավաքներ կազմակերպելու եւ արտահայտելու իրենց կարծիքը եւ կոչ ենք անում իշխանություններին մարդկանց դա թույլ տալ այնքան ժամանակ, քանի դեռ այն արտահայտվում է խաղաղ ճանապարհով»:

Ավելի վաղ Երեւանում անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցների իրավունքների պաշտպանության մասին էր արտահայտվել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերի գերագույն հանձնակատարը, ում մամուլի քարտուղարի խոսքով, իշխանությունները պարտավոր են երաշխավորել ժողովրդավարության եւ մարդու հիմնարար իրավունքների լիակատար ապահովումը:

Խոսելով Հայաստանում ընթացող բողոքի ակցիայի մասին, Քարնեգիի հաստատության ավագ վերլուծաբան Փոլ Սթրոնսկին նշում է, որ քաղաքացիական բողոքի առկայությունն արդեն դրական երեւույթ է, քանի որ այն վկայում է երկրում քաղաքացիական հասարակության հզորացման մասին: Վերլուծաբանի խոսքով, բողոքն անհրաժեշտ է դիտարկել ոչ թե քաղաքական, այլ մարդկային արժանապատվության շրջանակներում.

«Բողոքը կարող է այլ շարժման վերածվել միայն այն դեպքում, եթե իշխանությունները բավականաչափ հմուտ չգտնվեն եւ սխալներ թույլ տան, որոնցից մեկը ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումն էր»:

Բողոքը լուսաբանող «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Տաթեւ Լազարյանը նշում է, որ իր կարծիքով բողոքի ցույցը շարունակվելու է մինչ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման մասին որոշումը չեղյալ հայտարարվի.

«Ցուցարարները պատրաստ են կանգնել Բաղրամյան պողոտայում այնքան ժամանակ, քանի դեռ նախագահ Սերժ Սարգսյանից չեն լսել այդ որոշումից հրաժարվելու մասին հայտարարությունը»:

Իսկ Նախագահ Սերժ Սարգսյանն առայժմ լռություն է պահպանում: Սակայն քանի դեռ ցուցարարներն ունեն իրենց բողոքը խաղաղ ու ազատ կերպով արտահայտելու հնարավորություն, խնդրի կարգավորման ճանապարհը բաց է:

XS
SM
MD
LG