Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հրապարակեց 2Օ14 թվականի "Մարդու իրավունքների պաշտպանության" զեկույցը


Ներկայացնելով զեկույցը՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ասաց, որ 2Օ14 թվականն աշխարհում շատերի համար եղել է տառապանքների, ահաբեկիչների կողմից իրակականցված բռնությունների, գաղափարախոսության ու տեսակետների պատճառով կտտանքների տարի։ Չինաստանի, Եգիպտոսի, Եթովպիայի, Էրիթրիայի, Իրանի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի նման մի շարք երկրներում ուժեղ ճնշումներ են իրականացվել լրատվական գործակալությունների նկատմամբ, խոչընդոտվել քաղաքացիական հասարակության զարգացումը, ձերբակալվել են լրագրողներ։

Ըստ զեկույցի, 2Օ14 թվականին ամենամեծ սպառնալիքն աշխարհի համար եղել են ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորումն ու աշխարհի տարբեր հատվածներում այս դրա ճյուղավորումները։ Զեկույցը գտնում է, որ Ռուսաստանի քաղաքական համակարգն աստիճանաբար վերածվում է ինքնակալական համակարգի, իսկ պետական հաստատությունները նոր միջոցներ են կիրառում ճնշելու համար որեւէ այլախոհություն երկրում։ Այն անդրադառնում է Ղրիմի թերակղզին բռնագրավելու եւ Ուկրաինայի արեւելյան հատվածներում ռուս անջատողականների կողմից իրականացվող ռազմական գործողությունների փաստին։

Իրանը, ասված է զեկույցում, շարունակում է խստորեն սահմանափակել քաղաքացիական ազատությունները, այդ թվում խոսքի ու ազատ հավաքների իրավունքը։
Պետդեպարտամենտի 2Օ14 թվականի զեկույցն անդրադարձել է նաեւ այն հանգամանքին, որ մի շարք երկրներում, ինչպես Տաջիկստանում, Չինաստանում ու Թուրքիայում, պետությունն աստիճանաբար ավելի մեծ արգելքներ է դնում համացանցից ու սոցիալական լրատվամիջոցներից օգտվելու հնարավորությունների վրա։

Կոռուպցիան, ասված է զեկույցի մեջ, մեծ տարածում է ստացել Ռուսաստանում, Չինաստանում, Վենեսուելայում, Շրի Լանկայում։ Ռուսասատանում, մասնավորապես, 2Օ14 թվականին այն տարածում է գտել կառավարության գործադիր, օրենսդիր եւ դատական համակարգերում։

Ադրբեջանին վերաբերող հատվածում ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ամենամյա զեկույցում նշված է, որ 2Օ14 թվականին սրվել է լարվածությունը հայ-ադրբեջանական շփման գծում։ Այնուհետեւ բառացիորեն կրկնվում է նախորդ տարվա զեկույցի այն հատվածը, որտեղ ասված է, որ ՝՝անջատողականները Հայաստանի աջակցությամբ շարունակում են իրենց վերահսկողության տակ պահել Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանի 7 այլ շրջաններ, ինչի արդյունքում 6ՕՕ հազար մարդ շարունակում է մնալ տեղահանված՛՛։

Ըստ զեկույցի, Ադրբեջանի կառավարությունը դատական համակարգը կիրառում է պատժելու համար այլախոհներին։ Այստեղ իրականացվում են չարտոնված, նաեւ քաղաքական դրդապատճառներով ձերբակալություններ։

՝՝Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցում ամենամեծ խնդիրը 2Օ14 թվականին եղել է սիստեմատիկ կոռուպցիան ու կառավարությունում թափանցիկության պակասը, արդարադատության համակարգի սահմանափակ անկախությունը եւ իրենց կառավարությունը փոխելու քաղաքացիներին ընձեռնված հնարավորությունների պակասը՛՛, ասված է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ամենամյա զեկույցում։ Գործադիր ճյուղը Հայաստանում շարունակում էր քաղաքական ճնշումների տակ պահել դատարանները։ 2Օ14 թվականին նկատելի է եղել բանակում ոչ մարտական պայմաններում արձանագրված կասկածելի մահացությունների, ինչպես նաեւ նորակոչիկների նկատմամբ բռնությունների թիվը։

Ոստիկանությունը Հայաստանում խոստովանություններ ստանալու նպատակով շարունակել է հարցաքննությունների ընթացքում ծեծի ենթարկելու ու կտտանքների փորձառությունը։ Սակայն իշխանությունը որեւէ մեկի պատասխանատվության չի ենթարկել 2ՕՕ8 թվականի նախագահական ընտրություններից հետո 8 քաղաքացիների ու երկու ոստիկանների սպանության համար։

Չնայած Հայաստանի օրենքները ճանաչում են անմեղության կանխավարկածը, ըստ զեկույցի, իշխանություններն այդ օրենքը չեն հարգում։

Հայաստանում մեծաթիվ մարդիկ են կարողացել քննադատել կառավարությանը։ Սակայն ԱՄՆ-ի պետդեպարտամենտի զեկույցը հիշեցնում է նոյեմբերի վերջին ու դեկտեմբեր ամսին տեղ գտած հարձակումներն ընդդեմ քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստների, այդ թվում՝ խորհրդարանի ընդդիմադիր անդամի։ Զեկույցը հիշեցնում է նաեւ նախագահի դեմ որեւէ կերպ խոսողների ՝՝ականջները կտրելու՛՛ մասին փոխոստիկանապետի սպառնալիքը։

Ինչ վերաբերում է մամուլի ազատությանը, ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ամենամյա զեկույցում ասված է, որ ի հակադրություն ինտերնետային մամլո միջոցների, Հայաստանում տպագիր ու ռադիոհեռուստատեսային կայանները հիմնականում զրկված են եղել քաղաքական տարբեր կարծիքներ արտահայտելու հնարավորությունից։

Հայաստանում, չնայած կառավարությունը հաճախ է հարգել ազատ հավաքներ անցկացնելու մարդկանց իրավունքը, իշխանությունները երբեմն իրականացրել են դրանք խոչընդոտելու քայլեր, իսկ ոստիկանությունը՝ կիրառել անհամաչափ ուժ ընդդեմ ցուցարարների։

Նշենք, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը ՝՝Մարդու իրավունքների պաշտպանության՛՛ ամենամյա զեկույցները կազմում է՝ հենվելով իր դեսպանություններից ու հյուպատոսություններից ստացված հաղորդագրությունների վրա, հիմք ընդունելով նաեւ ոչ կառավարական ու միջազգային կազմակերպությունների զեկույցներն ու հետազոտությունները։

Պետդեպարտամենտի զեկույցն էլ հիմք է դառնում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը մշակելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, օտար երկրներին օգնություն տրամադրելու, մարզումներ անցկացնելու համար։

XS
SM
MD
LG