Մատչելի հղումներ

Ջեբ Բուշը միացավ նախագահական ընտրապայքարին


Հայաստանին քաջ ծանոթ Ջեբ Բուշն ու Հիլարի Քլինտոնը կարող են դառնալ Միացյալ Նահանգների հաջորդ նախագահի ամենահավանական թեկնածուները:

Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը հայտարարել է իր թեկնածությունը հանրապետական փրայմերիզում առաջադրելու մասին:

«Նախագահի աթոռը չպետք է փոխանցվի մեկ լիբերալից՝ մյուսի»:

Ջեբ Բուշին, որի հայրն ու եղբայրն արդեն եղել են Միացյալ Նահանգների նախագահ, հաջողվել է իր կողմը բազմաթիվ ազդեցիկ աջակիցներ գրավել: Հատկանշական է սակայն, որ Ջեբ Բուշի գովազդի հեղինակները փորձում են ուշադրությունը կենտրոնացնել իր անվան վրա, շրջանցելով ազգանունը:

Վերլուծաբանների կարծիքով, թեեւ անվանի ազգանունը օգնել է Բուշին իր քաղաքական արշավի օգտին լուրջ նվիրատվություններ հավաքել, այնուամենայնիվ, անվանի ազգանունը կարող է խանգարել թեկնածուին նախագահական ընտրությունների ընթացքում:

Ընդամենը երեք ամիս առաջ Ջեբ Բուշը համարվում եր հանրապետական կուսակցության ամենահավանական թեկնածուն. նրան պատրաստ էին աջակցել հանրապետականների 21 տոկոսը, սակայն այսօր Հանրապետական կուսակցությունում Բուշի աջակիցների թիվը կազմում է ընդամենը 10 տոկոս, ճիշտ այնքան, որքան աջակցում են Ֆլորիդայի սենատոր Մարկո Ռուբիոին կամ Վիսքանսինի նահանգապետ Սքոթ Ուոքերին:

Այժմ հանրապետական թեկնածուների թիվը 11 է, սակայն հաշվի առնելով իրենց թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին հայտնած այլ հանրապետական գործիչների մտադրությունը, այն կարող է կրկնապատկվել:

Եթե հանրապետականների նախագահական թեկնածուին դեռեւս բարդ է կանխագուշակել, ապա դեմոկրատական կուսակցության ներսում ամեն ինչ ստույգ է: Այստեղ ամենահավանական թեկնածուն մնում է նախկին առաջին տիկին, սենատոր եւ պետքարտուղար Հիլարի Քլինտոնը:

«Ես պայքարում եմ, որպեսզի մեր տնտեսությունը աշխատի ձեր եւ յուրաքանչյուր ամերիկացու համար, որպեսզի լինենք հաջողակ եւ հաղթող», - ասել է Քլինտոնը:

Մինչ այժմ Քլինտոնի մոտեցումն իրեն արդարացնում է. Համաձայն ABC News-ի եւ Washington Post-ի վերջին հարցմանը, Քլինտոնին պատրաստ են իրենց ձայնը տալ Ամերիկացիների 45 տոկոսը, մինչդեռ Ջեբ Բուշին պատրաստ է ընտրել ամերիկացիների միայն 32 տոկոսը:

Հատկանշական է, որ թե՛ Ջեբ Բուշը, որը Հայաստան էր ժամանել Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո հայ ժողովրդին օգնություն տրամադրելու նպատակով եւ թե՛ Հիլարի Քլինտոնը, որը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ամենաազդեցիկ աջակիցներից մեկն է, լայնորեն ներգրավված են եղել հայ-ամերիկյան հարաբերությունների մեջ:

XS
SM
MD
LG