Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում Օբաման ընտրում է Ջոն Քերրիին


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եկող շաբաթվա ընթացքում պաշտոնապես կհայտարարի երկրորդ պաշտոնավարման ընթացքում երկրի արտգործնախարարի պարտականությունները սենատոր Ջոն Քերրիի վրա դնելու իր մտադրության մասին։ Այս պաշտոնում Քերրիի թեկնածությունը ներկայացնելու որոշումը նախագահը հավանաբար կայացրեց այն բանից հետո, երբ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սյուզըն Ռայսը հանեց իր թեկնածությունը։ Այդ քայլին նա դիմեց հանրապետականների ուժեղ ճնշումների ներքո, ովքեր մեղադրում են նրան Լիբիայի Բենգազի քաղաքում ամերիկյան հյուպատոսության շենքի դեմ սեպտեմբերի 11-ին իրականացված հարձակումից հետո իր կողմից արված հայտարարությունների համար։

Եթե Քերրիի թեկնածությունը հաստատվի Սենատում, նա կփոխարինի Հիլարի Քլինթընին, որը որոշել է դուրս գալ վարչակազմից։

Մասաչուսեթս նահանգից ընտրված դեմոկրատ սենատոր Ջոն Քերրին, որը 2ՕՕ4 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուն էր, հայտնի է որպես փորձառու եւ հակասությունները հարթելու գործում մեծ հմտություններով օրենսդիր։

Ներկայումս Քերրին զբաղեցնում է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պարտականությունները։

Քերրին հայտնի է նաեւ որպես հայանպաստ կոնգրեսական, որը բազմիցս է հանդես եկել Հայոց ցեղասպանությունն ԱՄՆ-ի կողմից ճանաչելու, Հայաստանի հետ կապերն ամրապնդելու, Լեռնային Ղարաբաղի իրավունքները ճանաչելու նախաձեռնություններով։

XS
SM
MD
LG