Սիրիայում դեռևս չկա համացանցային կապ
Կառավարական ուժերը սակայն վերաբացել են դեպի Դամասկոսի օդանավակայան տանող ճանապարհը
Արմեն Հովհաննիսյան
30.11.2012
Սիրիայում ուրբաթ օրը դեռևս չկա համացանցային կապ, հեռախոսագծերի հիմնական մասը նույնպես չի գործում: Կառավարական ուժերը սակայն վերաբացել են ճանապարհը դեպի Դամասկոսի օդանավակայան:
Նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգը և ընդդիմության ակտիվիստները միմյանց են մեղադրել ամբողջ երկրի տարածքով կապի ծառայությունների անջատումների համար, որոնք տեղի են ունեցել առաջին անգամ՝ երկրում արդեն 20 ամիս շարունակվող ապստամբության ընթացքում:
Սիրիայի իշխանությունները նախկինում անջատել են հեռախոսակապն ու համացանցը, սակայն դա արվել է միայն ռազմական գործողությունների իրականացման վայրերում:
Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, թե ուրբաթ օրվա ցերեկը վերաբացվել է դեպի Դամասկոսի օդանավակայան տանող ճանապարհը: Իրավապաշտպանների համաձայն, օդանավակայանի մոտակայքում գտնվող տարածքներում գիշերվա ժամերին ծանր մարտեր են ընթացել, սակայն առավոտյան նույն տարածքում անդորր էր տիրում:
«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ»-ի համաձայն, օդանավակայանի մոտակայքում տեղի ունեցած բախումների ընթացքում ապստամբների ուժերին հաջողվել է ոչնչացնել կառավարական ուժերի ռազմական մի քանի փոխադրամիջոց: