Մատչելի հղումներ

Յասեր Արաֆաթի մարմինը կենթարկվի դատաբժշկական քննության


Պաղեստինցիների նախկին ղեկավար Յասեր Արաֆաթի մարմինը եկող երեքշաբթի օրը ենթարկվելու է դատաբժշկական քննության, որպեսզի մասնագետները, նրա մարմնից վերցված նմուշներն ուսումնասիրելով, կարողանան պարզել մահվան իրական պատճառները։ Պաղեստինյան իշխանությունները տեղեկացնում են, որ մարմինը նորից հողին կհանձվնի նույն օրն ավելի ուշ։

Ֆրանսիայի դատախազներն այս տարվա սկզբին էին նոր գործ հարուցել Արաֆաթի մահվան կապակցությամբ այն բանից հետո, երբ Շվեյցարիայի բժշկական մի լաբորատորիա Արաֆաթին պատկանող իրերի վրա հայտնաբերել էր ռադիոակտիվ պոլոնիումի հետքեր։ Սակայն լաբորատորիան տեղեկացրել էր նաեւ, թե Արաֆաթի մահվան ախտանիշները չեն համապատասխանել պոլոնիումից թունավորվելու դեպքում առաջ եկող ախտանիշներին։

Պաղեստինցիների ղեկավար, Նոբելյան խաղաղության մրացանակի դափնեկիր Յասեր Արաֆաթը 75 տարեկան հասակում մահացել է 2ՕՕ4 թվականին, Փարիզի մոտակայքում գտնվող զինվորական մի հիվանդանոցում։ Նա այստեղ էր տեղափոխվել Հորդանան գետի արեւմտյան ափի Ռամալլահ քաղաքում հիվանդանալուց հետո, երբ Իսրայելի բանակային ուժերն ավելի քան երկու տարի թույլ չէին տալիս նրան դուրս գալ այս քաղաքից։
Փարիզում նրան բուժող բժիշկները հայտարարել էին, թե չեն կարողացել պարզել մահվան պատճառները։

XS
SM
MD
LG