Մատչելի հղումներ

Իսրայել-պաղեստինցիներ հակամարտությունն աստիճանաբար վերածվում է պատերազմի


Իսրայելի բանակային ուժերը ոչնչացրել են Գազայի գոտում Համաս շարժումը ներկայացնող պաղեստինցիների վարչապետի շենքը։ Զինված ուժերի հրամանատարությունը հայտարարում է, թե անցած գիշերվա ընթացքում ոչնչացրել է ավելի քան 2ՕՕ թիրախ, այդ թվում՝ Գազայի ու Եգիպտոսի միջեւ ընկած Ռաֆահի թունելը եւ ստորգետնյա հրթիռային կայանքներ։

Բացի վարչապետ Հանիյաի գլխավոր մասնաշենքից, իսրայելյան ուժերը հարվածել են նաեւ ոստիկանական կայաններին, Համասի անվտանգության նախարարության շենքին, ինչպես նաեւ Համասի հրամանատար Ահմեդ Ռանդորի տանը։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի խոսնակն ասել է, թե Գազայում կառավարական հաստատություններն են ընտրվել որպես հարձակման թիրախ, քանի որ ՝՝Համասը որեւէ տարբերակում չի դնում իր ահաբեկչական ռազմական եւ կառավարական կառույցների միջեւ։

Իսրայելը նաեւ փակել է Գազայի գոտու շուրջ գլխավոր բոլոր ճանապարհները, ինչը նշանակում է, որ պատրաստվում է ցամաքային հարձակման ընդդեմ պաղեստինյան այս հատվածի, որն էլ ի վերջո կարող է վերածվել պատերազմի։
Համասի կողմից նախորդ օրն արձակված հրթիռներից մեկն ընկել էր Երուսաղեմի հարեւանությամբ գտնվող մի դաշտի մեջ, ինչն աննախադեպ հարձակում էր ընդդեմ այս քաղաքի։ Դրանից հետո Իսրայելը զորակոչեց 75 հազար պահեստային զինվորականների։
Իսրայելի կողմից անցնող շաբաթվա սկզբին սկսված գործողությունների արդյունքում Գազայի գոտում 38 մարդ է սպանվել։ Հրեական կողմից սպանվել է 3 մարդ։
Շաբաթ օրը Գազայի գոտի այցելեց Թունիսի արտաքին գործերի նախարար Ռաֆիկ Աբդեսլեմը, որն անցած մի քանի օրերի ընթացքում երկրորդ նման մակարդակի այցն է այս շրջան Եգիպտոսի վարչապետ Հեշամ Քանդիլի այցից հետո։
Իրադրությունը քննարկելու նպատակով Իսրայելի վարչապետին է զանգահարել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման։ Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Օբամային հակահրթիռային պաշտպանության կայանքներ տրամադրելու համար, ՝՝որոնք մեծապես պաշտպանել են Իսրայելին Համասի հարձակումներից՛՛։

XS
SM
MD
LG