Մատչելի հղումներ

Հայաստանում նախագահական ընտրություններ են անցկացվում


«Լուրջ ընդդիմության բացակայությունն ու թեկնածուներից մեկի վրա կատարված մահափորձը ստվեր են գցում ընտրությունների վրա»

«Հայաստանում այսօր անցկացվում են նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում հնարավոր է, որ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվի հնգամյա նոր ժամկետի, սակայն որևէ լուրջ ընդդիմության բացակայությունն ու թեկնածուներից մեկի վրա կատարված մահափորձը ստվեր են գցում ընտրությունների վրա»:

Այս մասին գրում է «Ռոյթերս» գործակալությունը, որը մեջ է բերում հասարակական կարծիքի հարցումները: Հարցումների համաձայն, ներկայիս նախագահը կարող է հավաքել ընտրողների ձայների ավելի քան 60 տոկոսը, իսկ նրա ամենամոտ մրցակիցը «հազիվ թե հավաքի ընտրողների այնքան ձայն, որ ցուցանիշը հասնի երկնիշ թվերի»:

«Սարգսյանի կողմնակիցները հույս ունեն, որ ընտրությունները կանցնեն առանց ընտրակեղծիքների և բռնությունների, որոնց հետևանքով 2008 թվականին անցկացված նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է 10 մարդ: Նրանք հուսով են, որ առանց ընտրակեղծիքների և բռնությունների ընտրությունների անցկացումը թույլ կտա ցույց տալ աշխարհին, որ խորհրդային նախկին հանրապետությունը բռնել է տնտեսական վերականգնման ուղին», - գրում է «Ռոյթերս»-ը:

Քաղաքական կայունությունը, ըստ գործակալության, նաև ընտրողների մտահոգությունն է: Ընտրությունների ընթացքին հետևող դիտորդները սակայն մտահոգություններ են արտահայտել ժողովրդավարական տեսակետից ընտրությունների արժանահավատության վերաբերյալ, քանի որ Սարգսյանի ամենալուրջ մրցակիցներից ոչ ոք նախագահական այս ընտրությունների ընթացքում իրենց թեկնածությունը չի դրել:

«Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պաշտոնյաները, որոնք երկիր են այցելել հունվար ամսին, նշել են, որ ընտրողների շրջանում առկա է անտարբերություն՝ ընտրությունների, և վստահության բացակայություն՝ ընտրական գործընթացի վերաբերյալ», - նշել է գործակալությունը:

Հայաստանում կայունության վերաբերյալ մտահոգությունները սրվել էին հունվարի 31-ին, երբ մահափորձ էր կատարվել էր նախագահական թեկնածու, 69-ամյա Պարույր Հայրիկյանի վրա:

Ընտրարշավի սկզբից հացադուլ էր անցկացնում նախագահական թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, որը պահանջել է չեղյալ հայտարարել ներկայիս նախագահի թեկնածությունը, ինչպես նաև կոչ էր արել միջազգային դիտորդներին ընտրությունները բոյկոտելու մասին, իսկ ևս մեկ թեկնածու՝ Արման Մելիքյանը, ասել է, որ չի քվեարկի այսօր անցկացվող ընտրություններում, քանի որ հավատացած է, որ դրանք խեղաթյուրված կլինեն գործող նախագահի օգտին:

«Հնարավոր այլ թեկնածուներ չեն մասնակցել ընտրարշավի՝ նման պատճառներով», - նշում է գործակալությունը:
XS
SM
MD
LG