Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահը դիտել է Ռուսաստանի զինված ուժերի կառավարման վարժանքները


«Հայաստանը հստակ հայտարարել է, որ Ղրիմում հանրաքվեի անցկացումը մեր ընկալմամբ համարվում է ազատ կամարտահայտության միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման ևս մեկ օրինակ»

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի հանրապետությունների նախագահների հետ Ռուսատանի պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում դիտել է Ռուսաստանի զինված ուժերի կառավարման վարժանքները, որից հետո մասնակցել է Կրեմլում հիշյալ երկրների նախագահների հետ ոչ պաշտոնական հանդիպմանը:

Մոսկվայում Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահների հետ կայացած ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Հայաստանի նախագահ Սարգսյանը հանդես է եկել ուղերձով, որտեղ համոզվածություն է հայտնել, որ «դիտարկվող ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում արագ փոփոխությունների պայմաններում չափազանց կարևոր է դառնում անվտանգության, այդ թվում՝ արտաքին հարցերում, ՀԱՊԿ անդամ-պետությունների գործողությունների համակարգման բարելավման թեման»:

«Դրա համար մենք ՀԱՊԿ-ում անհրաժեշտ մեխանիզմներ ստեղծեցինք: Ընդ որում, Հայաստանն առաջնորդվում է ՀԱՊԿ անդամ-պետությունների համար կարևորագույն հարցերում մեր դիրքորոշումների համադրման սկզբունքային անհրաժեշտությամբ՝ միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում դրանց քննարկման ժամանակ», - ասել է Հայաստանի նախագահը՝ հիշեցնելով, որ այդ մոտեցումը եղել է Հայատանի դիրքորոշման հիմքում 2008 թվականի օգոստոսի դեպքերից հետո ամենատարբեր կազմակերպություններում քվեարկությունների ժամանակ:

«Եվ մենք հստակ պատկերացնում էինք, որ մի կողմից խոսքը մեր դաշնակցային հարաբերությունների, իսկ մյուս կողմից՝ մեր հարևան երկրի մասին է, որտեղ մենք մի քանի հարյուր հազարանոց մեծ համայնք ունենք, երկիր, որի տարածքով իրականացվում է Հայաստան ամբողջ մատակարարումների մոտավորապես 75 տոկոսը: Այդպես է եղել և՛ ՄԱԿ-ում, և՛ Եվրոպայի խորհրդում ուկրաինական ճգնաժամի հարցով քվեարկության ժամանակ: Ես կարծում եմ, որ մենք պետք է խստորեն պայմանավորվենք մեր արտաքին քաղաքականությանը վերաբերող գործողությունների համակարգման հետ կապված, քանի որ փոքր-ինչ տարօրինակ է ստացվում», - հանդիպման ընթացքում նշել է նախագահ Սարգսյանը:


«Հայաստանը հստակ հայտարարել է, որ Ղրիմում հանրաքվեի անցկացումը մեր ընկալմամբ համարվում է ազատ կամարտահայտության միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման ևս մեկ օրինակ: Այդուհանդերձ, մենք չափազանց մտահոգված ենք Ուկրաինայում բռնությունների աճով, այդ թվում՝ Օդեսայի, Սլավյանսկի, Կրամատորսկի և այլ շրջանների իրադարձությունների կապակցությամբ: Մեզ չի կարող չանհանգստացնել ստեղծված իրավիճակը, այդ թվում նաև այն պատճառով, որ այնտեղ ավելի քան կես միլիոն հայեր են բնակվում» - ասել է Հայաստանի նախագահը:

Հայաստանի նախագահը Մոսկվայում ունեցած իր ելույթի ընթացքում կարծիք է արտահայտել այն մասին, որ «իրադրության զարգացման վերլուծությունը վկայում է այն մասին, որ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի անտեսումը, երկխոսությանը ուժային միջոցների հակադրումը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ճնշումը բերում են աղետալի հետևանքների»:

Իր խոսքի ընթացքում Հայաստանի նախագահն անդրադարձել է նաև Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում տեղի ունեցած իրադարձություներին:

«Հավաքական անվտանգության խորհրդի Սոչիի նստաշրջանում մենք հանգամանորեն խոսեցինք Սիրիայում տիրող իրավիճակի մասին: Քննարկեցինք Աֆղանստանում, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում և, մասնավորապես, Սիրիայում իրադրության զարգացման հնարավոր սցենարները: Այժմ այդ ամենն ավելի ընդգծված բնույթ է կրում: Ես նկատի ունեմ նաև Քեսաբի խաղաղ բնակչության նկատմամբ դրսից նախապես ծրագրված օպերացիան» - նշել է Հայաստանի նախագահ Սարգսյանը՝ հավելելով. «Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել ՀԱՊԿ մասնակից-պետություններին՝ սիրիական հայաբնակ Քեսաբի հարցի կապակցությամբ դիրքորոշման համար, որն արտահայտվեց ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների 2014 թվականի ապրիլի 3-ին ընդունված համատեղ հայտարարության մեջ»:

«Վլադիմիր Վլադիմիրի, այստեղ պետք է ընդգծել Ռուսաստանի դիրքորոշումը, որը լինելով ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ՝ ամենատարբեր մակարդակներում ակտիվորեն աշխատում է սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ, իսկ Ռուսատանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը բազմիցս հանդես է եկել քեսաբահայերին աջակցության հայտարարություններով», - եզրափակել է Մոսկվայում Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահների հետ կայացած ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ Սարգսյանի խոսքը:
XS
SM
MD
LG