Մատչելի հղումներ

Հայաստանի արտգործնախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանին


Հայաստանի արտաքին գործերի փոխարտգործնախարարը Ուկրաինայի դեսպանի հետ հանդիպման ընթացքում վերահաստատել է, որ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է և տարիների ընթացքում բազմիցս արտահայտվել է

Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մարտի 21-ին ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային` վերջինիս խնդրանքով:

Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն, արտգործնախարարի տեղակալ Քոչարյանի և դեսպան Կուխտայի հանդիպման ընթացքում փոխարտգործնախարարը վերահաստատել է, որ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է և տարիների ընթացքում բազմիցս արտահայտվել է:

Փոխարտգործնախարար Քոչարյանը նշել է, որ Հայաստանի և Ուկրաինայի բարեկամ ժողովուրդների դարավոր հարաբերությունները կազմում են այն ամուր հենքը, որի վրա կառուցվում է երկու պետությունների միջև փոխգործակցությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում անդրադարձել էր Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին: Հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր էին փոխանակել ուկրաինական ճգնաժամի և դրանից դուրս գալու ուղիների վերաբերյալ:

Այդ համատեքստում, ըստ հաղորդագրության, «զրուցակիցներն անդրադարձել էին Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին և արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»:
XS
SM
MD
LG