Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը ելույթով հանդես կգա Կոնգրեսի գրադարանում
Կոնգրեսի գրադարանում դեսպան Հեֆերնը հանդես կգա «Հաշվետվություն Հայաստանից 2012» անվանումը կրող զեկույցով
Արմեն Հովհաննիսյան
09.01.2013
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը գալիք երկուշաբթի օրը՝ հունվարի 14-ին, հանդես կգա ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում՝ հասարակության համար բաց ելույթով:
Կոնգրեսի գրադարանի կողմից տարածված հայտարարության համաձայն, գրադարանի Թոմաս Ջեֆերսոնի շենքի աֆրիկյան և միջինարևելյան վարչության Մերձավոր Արևելքի բաժնում կայանալիք հանդիպման ընթացքում դեսպան Հեֆերնը հանդես կգա «Հաշվետվություն Հայաստանից 2012» անվանումը կրող զեկույցով:
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի ելույթի կազմակերպիչներից է Կոնգրեսի գրադարանի աֆրիկյան և միջինարևելյան վարչության Մերձավոր Արևելքի բաժնի Հայաստանի և հայկական տարածքների գծով փորձագետ, դոկտոր Լևոն Ավդոյանը:
Դեսպան Ջոն Հեֆերնը մեծ փորձ ունեցող դիվանագետ է, որը ներկայիս պաշտոնը զբաղեցնելուց առաջ նախկինում զբաղեցրել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը, որից առաջ աշխատել է Ինդոնեզիայում ԱՄՆ-ի դեսպանության ղեկավար պաշտոնների: Նա աշխատել է նաև Ճապոնիայում, Մալայզիայում, Փղոսկրի Ափում և Չինաստանում, իսկ 1994-1996 թվականներին` ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Ասիայի հարցերով ենթահանձնաժողովում: ԱՄՆ-ի արտգործնախարարությունում աշխատանքի անցնելուց առաջ Ջոն Հեֆերնը զբաղեցնում էր Սենատոր Ջոն Դանֆորթի գրասենյակի տնօրենի պաշտոնը: