Մատչելի հղումներ

Հայաստանի արտգործնախարարը ողջունել է Կալիֆորնիայի խորհրդարանի որոշումը ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ


Կալիֆորնիա նահանգի խորհրդարան
Կալիֆորնիա նահանգի խորհրդարան

«Նորանոր համանման որոշումներ ու բանաձևեր կարելի է ակնկալել, որոնք ճանապարհ կհարթեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման համար»

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախությունը ճանաչող բանաձևի ընդունումը:

«Ողջունում ենք ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի որոշումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ: Որքան Ադրբեջանը կշարունակի խոչընդոտել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի և եռանախագահների ջանքերը, այնքան նորանոր համանման որոշումներ ու բանաձևեր կարելի է ակնկալել, որոնք ճանապարհ կհարթեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման համար», - պատասխանելով հայաստանյան «News.am» լրատվական կայքի հարցին՝ ասել է Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը:

Հիշեցնենք, որ Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի երկու կուսակցությունների անդամները հինգշաբթի օրը ճանաչել են Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Արցախի անկախությունը ճանաչող AJR 32 բանաձևն ընդունվել է ձայների 70 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ, և այժմ պետք է ներկայացվի Կալիֆորնիա նահանգի սենատի ուշադրության:

Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի կողմից գրեթե միաձայն ընդունված AJR 32 բանաձևում մասնավորապես ասված է, որ Կալիֆորնիա նահանգի օրենսդրական մարմինը խրախուսում և սատարում է որպես ազատ և անկախ պետություն զարգանալու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից գործադրվող ջանքերը՝ «երաշխավորելու համար իր քաղաքացիներին այն իրավունքները, որոնք բնորոշ են ազատ և անկախ հասարակությանը»:

«Կալիֆորնիա նահանգի օրենսդրական մարմինը հորդորում է Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին սատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշումն ու ժողովրդավարական անկախությունը և ռազմավարական կարևորություն ունեցող տարածաշրջանում միջազգային հանրության կողմից անվտանգության խնդիրներին արդար և տևական լուծում գտնելու ուղղությամբ ձեռնարկվող կառուցողական ներգրավվածությունը», - ասված է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի ընդունված թիվ AJR 32 բանաձևում:
XS
SM
MD
LG