Մատչելի հղումներ

Հայաստանի վարչապետ. «Մեր խնդիրն է՝ օգնել մեր բարեկամներին»


Տիգրան Սարգսյանի համոզմամբ, Հայաստան ժամանած սիրիահայ բոլոր ընտանիքները պետք է որոշում կատարեն՝ իրենց ապագայի վերաբերյալ

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության խնդիրն է՝ օգնել սիրիահայերին նվազագույն կորուստներով հաղթահարել այդ դժվար փորձությունը, որը պատահել է իրենց կյանքում:

Այս մասին վարչապետ Սարգսյանը նշել է «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում:

Պատասխանելով «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության այն հարցին, թե որոնք են այն խնդիրները, որոնք ստիպում են սիրիահայերին հեռանալ Հայաստանից, և ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն այն ուղղությամբ, որ այդ շարժը կանգնեցվի, վարչապետ Սարգսյանը հիշեցրել է, որ այժմ Հայաստանում գտնվում է շուրջ 7 հազար սիրիահայ, և որ ինքը նրանց հետ հաճախակի հանդիպում է՝ ցանկանալով հասկանալ, թե ինչ տրամադրություններ են տիրում նրանց շրջանում:

«Առաջին փուլում, երբ սկսեցին ռազմական գործողությունները Սիրիայի տարածքում, նրանցից շատերը, որ եկել էին Հայաստան, եկել էին Հայաստան կարճ ժամանակով, և իրենք նշում էին, որ մտադիր են վերադառնալ Սիրիա՝ հենց որ ռազմական գործողությունները կդադարեն: Բայց քանի որ այդ գործողությունները երկար ժամանակ է, ինչ ընթանում են, հասկանալի է, որ մարդիկ պետք է կողմնորոշվեն՝ իրենց ապագայի առումով», - ասել է վարչապետը: - «Մի մասը նախապատվություն է տալիս Հայաստանի Հանրապետությանը, մի մասը նախապատվություն է տալիս գնալ այն երկրներ, որտեղ նրանք ունեն բարեկամներ կամ որտեղ կարող են իրենց համար ավելի շահավետ ներդրումներ կատարել, այնպես որ հիմա այնպիսի բնական գործընթաց է գնում այն առումով, որ բոլոր ընտանիքները, որոնք ժամանել են Հայաստանի Հանրապետություն, պետք է հստակեցնեն իրենց ապագան և պետք է կատարեն որոշում՝ իրենց ապագայի նկատմամբ»:

Հայաստանի վարչապետի համաձայն, վերջերս անցկացվել է հանդիպում է սիրիահայերի հետ Հայաստանի Հանրապետության նախագահի մոտ, որի ընթացքում լսվեցին այն հարցերը, որոնք սիրիահայերը դնում են Հայաստանի իշխանությունների առջև:

«Բոլոր հարցերը, որ բարձրացնում են սիրիահայերը, ստանում են իրենց լուծումները: Մասնավորապես՝ կան խմբեր, որոնք Հայաստանում նախատեսում են զբաղվել բիզնեսով և ակնկալում են կառավարության օժանդակությունը՝ դա կլինի իրենց սարքավորումների տեղափոխում Հայաստանի Հանրապետությունում կամ նոր աշխատատեղերի ստեղծում Հայաստանի Հանրապետությունում, վարկային միջոցներից օգտվելու հնարավորություն, ֆինանսական միջոցների տեղափոխում Սիրիայից՝ Բեյրութ, Բեյրութից՝ Հայաստան: Բազմազան հարցեր են մեր առջև դրվում, և բոլոր այդ հարցերը գտնվում են այսօր կառավարության օրակարգում, և մենք բոլոր այդ հարցերում տալիս ենք լուծումներ, որպեսզի մեր սիրիահայ բարեկամները կարողանան հնարավորին չափ կարճ ժամկետում Հայաստանի Հանրապետությունում լուծեն իրենց բոլոր կենցաղային, տնտեսական խնդիրները: Հասկանալի է, որ ոմանք էլ, որոնք ունեն ավելի մեծ հնարավորություններ, կարող են իրենց համար գտնել ավելի ընդունելի լուծումներ, որոշումներ, որոնք, բնականաբար, մենք նույնպես պետք է իրենց օժանդակենք», - ասել է վարչապետ Սարգսյանը՝ պատասխանելով «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության հարցին:
XS
SM
MD
LG