Մատչելի հղումներ

«Ժառանգության» կուսակցության հայտարարությունը՝ նախագահական ընտրությունների վերաբերյալ


«Համաժողովրդական այդ քվեն պատգամ ու պարտավորություն է քաղաքական ընդդիմության համար՝ համախմբվելու և ժողովրդի կատարած ընտրությունն իրականություն դարձնելու»

«Ժառանգության» կուսակցությունը փետրվարի 22-ին հանդես է եկել նախագահական ընտրությունների վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ:

Ստորև բերվում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն կողմից տարածված հայտարարության տեքստն ամբողջությամբ.

«2013թ. փետրվարի 18-ին կայացան ՀՀ նախագահի ընտրություններ: Հաջորդ օրը ԿԸՀ-ն հրապարակեց արդյունքները, որոնք չեն արտահայտում ընտրողների կամքը: Համաձայն ԿԸՀ-ի, Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է ձայների շուրջ 37 տոկոսը, Սերժ Սարգսյանի 58 տոկոսի դիմաց:

Անգամ այդ պաշտոնական տվյալներով՝ Սերժ Սարգսյանը ոչ միայն չի հասել առավելության, այլև քաղաքային տեղամասերի մեծամասնությունում պարտվել է: Հիմնականում գյուղական առանձին տեղամասերում, իբր, ընտրողների 90%-ից ավելի մասնակցությունը և հօգուտ Սարգսյանի տրված 90%-ից ավելի ձայներն են ապահովել արդյունքները, որոնց մասին հայտարարել է ԿԸՀ-ն:

Սերժ Սարգսյանն ինչպե՞ս է իրեն հաղթանակ վերագրում, երբ, դիցուք, Աբովյանի 25 տեղամասերից 21-ում պարտություն է կրել և միայն մեկում «ստանալով» 1101 ձայն, կորուստները փոխհատուցել է, երբ Էջմիածնի 22 տեղամասերից 19-ում պարտվել է և փոխհատուցել հարևան Այգեկ գյուղից 96% քվեներով: Եվ այդպես՝ ամենուր: Հավատարժա՞ն է, որ տեղամասերի 80-90%-ում նույնական արդյունքներ գրանցող թեկնածուն մնացյալ 10%-ում բազմապատիկ ավելի ձայներ է ստանում:

Իհարկե, դա նշանակում է ընտրացուցակների և քվեաթերթիկների կեղծարարություն՝ տեղամասերի 10-20%-ում, ինչն էականորեն ազդել է ընտրությունների արդյունքների վրա և բավարար հիմք է՝ պահանջելու, որպեսզի ընտրությունները ճանաչվեն անվավեր: Ակնհայտ այդ կեղծարարությունը հնարավոր է ապացուցել ընտրողների ստորագրություններով, ցուցակների ու քվեաթերթիկների հետազոտմամբ, ինչի ուղղությամբ պատշաճ իրավական քայլեր ձեռնարկվում են:

Ափսոսանք հայտնելով նշյալ 10-20% տեղամասերում «Ժառանգությունը» ներկայացնող ՏԸՀ անդամներին վիճակված ճնշումների, երբեմն դրանց դիմակայելու անկարողության առնչությամբ, 1900-ից ավելի տեղամասերում մեր հանձնաժողովականների ու շուրջ 800 վստահված անձանց բացարձակ մեծամասնությանն արժանին ենք մատուցում և շնորհակալություն հայտնում կատարած աշխատանքի համար: Նրանցից շատ շատերը, ովքեր Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ էին գալիս կամ զանգահարում էին ուղղակի ասելու մեկ բառ՝ «Հաղթեցի», արդեն տալիս էին իրենց աշխատանքի գնահատականը: Մեծապես գնահատելի են այդ անձանց նվիրումն ու պայքարը Երևանի արդյունքների, Գյումրիի, Վանաձորի և բոլոր մյուս հաղթանակների համար:

Շնորհակալություն ենք հայտնում հայաստանցի ընտրողին, որ, չնայած քաղաքական դաշտի իներտությանը, իր ակտիվությամբ օրինակ ծառայեց քաղաքական գործիչներին, կատարեց իր ընտրությունը և, մերժելով գործող վարչախմբին, ընտրեց Հայաստանի ապագան: Անգամ պաշտոնական տվյալներով՝ Րաֆֆի Հովհաննիսյանն այս ընտրություններում ստացավ ավելի մեծ թվով ձայներ, քան 1998-ից ի վեր նախագահի որևէ ընդդիմադիր թեկնածու ստացել էր: Համաժողովրդական այդ քվեն պատգամ ու պարտավորություն է քաղաքական ընդդիմության համար՝ համախմբվելու և ժողովրդի կատարած ընտրությունն իրականություն դարձնելու:»
XS
SM
MD
LG