Մատչելի հղումներ

Չինաստանն ու Հայաստանը կզարգացնեն ռազմական կապերը


Չինաստանի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են Հայաստանին Չինաստանի կողմից անհատույց տրամադրվող ամենամյա ռազմական օգնության վերաբերյալ համաձայնագիր

Չինաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաները հինգշաբթի օրը պարտավորվել են շարունակել երկու պետությունների զինված ուժերի միջև կապերի զարգացումն ու համագործակցությունը:

«Նման պարտավորություն կողմերը ստանձնել են Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, գեներալ-գնդապետ Սույ Ցիլյանի և երկրի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Չան Վանցյուանի հետ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի միջև անցկացված հանդիպման ընթացքում», - ասված է Չինաստանի «Սինհուա» լրատվական գործակալության հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում Սույ Ցիլյանը գովասանքի խոսքեր է ուղղել վերջին տարիների ընթացքում երկկողմանի ռազմական հարաբերություններում գրանցված առաջընթացին՝ նշելով, որ Չինաստանի զինված ուժերը բարձր են գնահատում Հայաստանի իրենց գործընկերների հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները:

«Չինաստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Չան Վանցյուանն իր հերթին հորդորել է երկու կողմերին զարգացնել հաղորդակցությունն ու համագործակցությունը ներկայում իրականացվող նախագծերի սահմաններից դուրս», - ասված է հաղորդագրության մեջ:

Չինաստանի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները, ըստ պաշտոնական հաղորդագրության, ստորագրել են նաև Հայաստանին Չինաստանի կողմից անհատույց տրամադրվող ամենամյա ռազմական օգնության վերաբերյալ համաձայնագիրը, որի ծավալը կազմում է 5 միլիոն յուան:
XS
SM
MD
LG