Մատչելի հղումներ

Ամերիկացիները հարգանքի տուրք են մատուցում Մարթին Լյութեր Քինգի հիշատակին


Մարթին Լյութեր Քինգի ծննդյան օրը ԱՄՆ-ում պետական տոնի կարգավիճակ ունի

Ամերիկացիները երկուշաբթի օրը հարգանքի տուրք են մատուցում քաղաքացիական իրավունքների շարժման առաջնորդ Մարթին Լյութեր Քինգի հիշատակին՝ նշելով իրավապաշտպանի պետական տոնի կարգավիճակ ունեցող ծննդյան օրը:

Քինգը եղել է բապտիստական քարոզիչ, որը 1950-ական և 1960-ական թվականների պայքարել է խտրականության և ռասիզմի դեմ՝ հիմնականում Միացյալ Նահանգների հարավային մասերում, որտեղ սևամորթ ամերիկացիները ենթարկվում էին անհավասար վերաբերմունքի և նրանց դեմ ժամանակ առ ժամանակ բռնություններ էին իրականացվում:

Ոչ բռնի ցույցերի ջատագով Քինգը սպանվել էր 1968 թվականին՝ 39 տարեկան հասակում: ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում Մարթին Լյութեր Քինգի հիշատակին հուշարձան է կառուցվել:

Քինգը ճանաչում է ստացել Ալաբամա նահանգի մայրաքաղաք Մոնթգոմերիի հասարակական տրանսպորտում խտրականության դեմ իրականացված արշավի հաջողության հասնելուց հետո: Այդ ժամանակ քաղաքում գործող համակարգի համաձայն պահանջվում էր, որ սևամորթները հասարակական տրանսպորտում զբաղեցնեն հետևի տեղերը, իսկ տեղ չլինելու դեպքում՝ զիջեն իրենց տեղերը սպիտակամորթներին:

«Քաղաքացիական իրավունքների մասին» 1964 թվականին ընդունված շրջադարձային օրենքով խտրականությունն անօրինական է ճանաչվել: Նույն տարին Քինգը արժանացել էր Խաղաղության Նոբելյան մրցանակի:
XS
SM
MD
LG