Մատչելի հղումներ

Բուժում` մեծահասակների ցողունային բջիջների փոխպատվաստման կիրառմամբ


Մեծահասակի ցողունային բջիջներով բուժումը դարձել է սովորական բուժում տարբեր տեսակի քաղցկեղների դեպքում:

Անցած տաս տարիների մեծահասակի ցողունային բջիջների կլինիկական հետազոտության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք օգտակար են նաև տարբեր հիվանդություններ, նույնիսկ սրտային խնդիրներ ունեցողներին:

Բազմակի սկլերոզ ախտորոշված մի հիվանդի խոսքերով՝ նրա ախտանիշերը վերացել են:

1995 թվականին Բերի Գուդին ախտորոշվել էր բազմակի սկլերոզով: Նա սկսեց չզգալ ձախ ոտքը, և իր կենտրոնական նյարդային համակարգի վատթարացման հետ սկսեց կորցնել տեսողությունը:

2003 թվականին Բերին ներգրավվեց կլինիկական հետազոտությունում: Իմունային բջիջները քայքայող հնգօրյա քիմիաթերապիայից հետո նա օգտագործեց իր իսկ ցողունային բջիջները՝ իմունային համակարգը վերականգնելու համար:

Նորթուեսթերն համալսարանի Ֆինբերգ բժշկական դպրոցի բժիշկ Ռիչարդ Բըրթն իր աշխատակիցների հետ ուսումնասիրել է գրեթե 2500 հիվանդների, ովքեր ցողունային բջջի փոխպատվաստում են ունեցել: Պարզվել է, որ այդ բջիջները թեթևացրել են ինքնաիմունային հիվանդություն ունեցող որոշ հիվանդների վիճակը և սրտի աշխատանքի որոշակի բարելավում ապահովել սրտի կաթված ստացած հիվանդների մոտ:

«Սա ամբողջովին նոր մոտեցում է այս հիվանդություններին: Ըստ տարբեր հետազոտությունների՝ վիրահատության կամ դեղորայքի փոխարինումը բջջային բուժմամբ ըստ էության օգնում է հիվանդին։

Ի տարբերություն սաղմնային ցողունաբջիջների օգտագործման, որն ավարտվում է սաղմի ոչնչացմամբ, մեծահասակի ցողունաբջիջը վերցվում է հիվանդի կամ մեկ ուրիշի արյունից կամ ոսկրածուծից: Փոխպատվաստումը գրեթե անվտանգ է: Ռիսկը շատ ցածր է և մահացությունը մեկ տոկոսից ցածր է», - ասում է բժիշկը:

Բերին այժմ ակտիվ կյանք է վարում և մարզում սառցե տափօղակի թիմին:

«Հինգ տարի է՝ լավ կյանք եմ վարում: Եթե չգնայի փոխպատվաստման, հավանաբար հայտնվեի անվասայլակում», - ասում է Բերին:

Բերին գիտի, որ չկա որևէ երաշխիք, թե որքան երկար է տևելու իր վիճակի բարելավումը, սակայն ըստ նրա՝ ինքը կենդանի ապացույց է, որ ցողունային բջջի փոխպատվաստումը գործում է:

XS
SM
MD
LG