Աբբասը հորդորել է օգնություն տրամադրել Սիրիայում գտնվող պաղեստինցի փախստականներին
Պաղեստինցիների նախագահի կարծիքով, Սիրիայում բնակվող պաղեստինցի փախստականներին պետք է տրվի Հորդանան գետի արևմտյան ափ կամ Գազայի գոտի տեղափոխվելու հնարավորություն
Արմեն Հովհաննիսյան
19.12.2012
Պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասի կարծիքով, Սիրիայում բնակվող պաղեստինցի փախստականներին, որոնք զգում են այդ երկրում չդադարող հակամարտության ազդեցությունը, պետք է տրվի Հորդանան գետի արևմտյան ափ կամ Գազայի գոտի տեղափոխվելու հնարավորություն:
Աբբասը չորեքշաբթի հորդորել է Միավորված ազգերի կազմակերպության նախագահ Բան Կի-մունին օգնություն տրամադրել պաղեստինցի փախստականներին, որպեսզի վերջիններս կարողանան տեղափոխվել պաղեստինյան տարածքներ:
Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականներին օգնության և աշխատանքի ՄԱԿ-ի գործակալության համաձայն, Սիրիայում փախստականների ինը պաշտոնական և երեք ոչ պաշտոնական ճամբարներում բնակվում է ավելի քան 486 հազար պաղեստինցի:
Հիշեցնենք, որ Սիրիայի ակտիվիստները նախօրեին հայտնել էին Դամասկոսում գտնվող պաղեստինցի փախստականների ճամբարում ընդդիմության ուժերի և նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ստորաբաժանումների միջև ուժգին մարտեր ծավալվելու մասին:
«Յարմուք» ճամբարում ծավալված մարտերից երկու օր առաջ հակակառավարական ակտիվիստները հայտնել էին, որ ճամբարի ուղղությամբ կառավարական օդուժի կողմից իրականացված հարձակումն առնվազն ութ զոհի պատճառ էր դարձել և եղել առաջին դեպքն անցյալ տարվա մարտ ամսին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմից այլախոհությունը ճնշելուն ուղղված գործողությունները մեկնարկելու ժամանակից, երբ օդային հարձակում է իրականացվել փախստականների ճամբարի ուղղությամբ: