Մատչելի հղումներ

ԿՀՎ-ի ղեկավարի պաշտոնում հաստատվել է Ջոն Բրենանը


Ջոն Բրենանը զբաղեցնում էր ահաբեկչության դեմ պայքարի հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդականի պաշտոնը

ԱՄՆ-ի Սենատը ԿՀՎ-ի ղեկավարի պաշտոնին հաստատել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից առաջադրված Ջոն Բրենանի թեկնածությունը, որը ժամանակին զբաղեցնում էր ահաբեկչության դեմ պայքարի հարցերով նախագահի խորհրդականի պաշտոնը:

Բրենանը, որն ունի Միացյալ Նահանգների հետախուզական ծառայություններում աշխատելու և հետախուզության հետ առնչվող հարցերի հետ կապված ավելի քան երեք տասնամյակի փորձ, իր նոր պաշտոնում հաստատվել է սենատորների ձայների 63-ը՝ կողմ, 34-ը՝ դեմ հարաբերակցությամբ:

Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչությունն առանց տնօրեն մնացել էր այն ժամանակից, երբ անցյալ տարվա նոյեմբերին հրաժարական էր ներկայացրել վարչության նախկին տնօրեն Դեյվիդ Փեթրեուսը: Այս հանգամանքի մասին խոսել էր ԱՄՆ-ի Սենատի հետախուզության հարցերով կոմիտեի նախագահ Դայան Ֆայնստայնը:

«ԿՀՎ-ի տնօրենի հաստիքը պետք է համալրված լինի: Հինգ ամիսը չափազանց երկար ժամանակ է, որ նման հաստիք թափուր մնա: Կարծում եմ, որ Ջոն Բրենանն այս պաշտոնը զբաղեցնելուն համապատասխանող թեկնածու է, և ինձ հետ համամիտ են հանձնաժողովի 12 անդամները», - ասել է Ֆայնստայնը:

ԱՄՆ-ի Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովը ծավալուն զեկույց էր պատրաստել ԿՀՎ-ի կողմից 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակման հետ առնչության մեջ կասկածվող անձանց նկատմամբ թաքուն կալանավայրերում թույլ տված չարաշահումների մասին:

ԱՄՆ-ի Սենատոր Մարկ Ուդալն ասել է, որ ԿՀՎ-ի պաշտոնին Ջոն Բրենանը բավականին շատ աշխատանք ունի անելու:

«Մեր կառավարությունը պատասխանատվություն է կրում Ամերիկայի ժողովրդի առջև իր սխալները թափանցիկ եղանակով ընդունելու, հանրությանն այդ սխալների բնույթը հասկանալու մեջ օժանդակելու, ապա այս սխալները շտկելու հարցում», - ասել է դեմոկրատական կուսակցության անդամ, սենատոր Մարկ Ուդալը՝ հավելելով. «Այս առումով ԿՀՎ-ի տնօրենը մեծ անելիքներ ունի»:

ԱՄՆ-ի Սպիտակ տանը որպես ահաբեկչության դեմ պայքարի հարցերով խորհրդական աշխատելուց առաջ, Բրենանը բավականին երկար ժամանակ աշխատել է ԿՀՎ-ում, որտեղ իր կարիերան սկսվել էր 1980 թվականին:
XS
SM
MD
LG