Մատչելի հղումներ

Սերժ Սարգսյանին շնորհավորել է ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին


«Ակնկալում եմ աշխատել Ձեզ հետ, ինչպես նաև Հայաստանի ժողովրդի՝ ամրապնդելու մեր երկրների միջև վաղեմի կապերը և պատմական բարեկամությունը»

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին:

«Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները զարգացրեցին 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ արձանագրված միտումները, և ես ուրախ եմ, որ լրատվամիջոցները քարոզարշավի հավասարակշռված լուսաբանում են ապահովել» - Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ` ասված է ԱՄՆ-ի արտգործնախարարի ուղերձում: - «Համաձայն եմ նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական եզրակացությունների հետ, որ ընտրությունները ընդհանուր առմամբ լավ էին կազմակերպված՝ հիմնարար ազատությունների պահպանմամբ, թեպետ դեռևս որոշ աշխատանք է մնում կատարելու: Առաջ շարժվելով Հայաստանը, հուսով եմ, կշարունակի ավելացնել թափանցիկությունը, խրախուսել բազմակարծությունը հիմական լրատվամիջոցներով և քաջալերել քաղաքացիների ակտիվ մասնակցությունը բարեփոխումներին ու կառավարմանը, ինչպես նաև լուծել ԵԱՀԿ-ի կողմից բարձրացված մնացյալ խնդիրները:

«Ձեր պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում հուսով եմ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը միասին կաշխատեն՝ առաջ մղելու ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումները, որոնք էական են աճող երկկողմ առևտրի և ներդրումների համար: Ես նաև մնում եմ հանձնառու օգնելու ձեր երկրին՝ գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և բանակցային լուծում և խնդրում եմ Ձեզ, որպեսզի այսուհետ ևս Մինսկի խմբի համանախագահներին ցուցաբերեք Ձեր լիակատար աջակցությունը: Մենք չենք կարող բավարարվել ստատուս քվոյի պահպանմամբ, մենք պետք է օգտագործենք այս ժամանակահատվածը՝ խաղաղ գործընթացին նշանակալի աջակցություն ապահովելու համար», - նշել է Ջոն Քերին:

«Ակնկալում եմ աշխատել Ձեզ հետ, ինչպես նաև Հայաստանի ժողովրդի՝ ամրապնդելու մեր երկրների միջև վաղեմի կապերը և պատմական բարեկամությունը», — եզրափակել է ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերիի շնորհավորական ուղերձը:
XS
SM
MD
LG