Մատչելի հղումներ

Օբամայի և Աբեի հանդիպմանը կքննարկվեն անվտանգության և տնտեսական խնդիրներ


Ճապոնիայի վարչապետը խոստացել էր ավելի սերտ համագործակցել Միացյալ Նահանգների հետ՝ Չինաստանի կողմից ներկայացվող տարածքային պահանջների հետևանքով աճող սպառնալիքի պայմաններում

Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ ուրբաթ օրը կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկի տարածաշրջանային անվտանգության և տնտեսական խնդիրներ:

ԱՄՆ-ի Սպիտակ տան պաշտոնյաների համաձայն, երկու պետությունների առաջնորդների միջև հանդիպումը կմեկնարկի Օվալաձև գրասենյակում, որտեղ կքննարկվեն Ճապոնիայի հետ Չինաստանի ունեցած տարածքային վեճն ու Հյուսիսային Կորեայի կողմից վերջերս իրականացված միջուկային փորձարկումը:

Այս հանդիպմանը հետևող ճաշի ընթացքում շեշտը կդրվի աշխարհի խոշորագույն առաջին և երրորդ տնտեսությունների միջև տնտեսական հարաբերությունների վրա:

Միացյալ Նահանգների մայրաքաղաք նախօրեին ժամանած Ճապոնիայի վարչապետն իր պաշտոնում ընտրվել էր անցյալ տարվա դեկտեմբերին: Վարչապետ Շինզո Աբեն խոստացել էր ավելի սերտ համագործակցել Միացյալ Նահանգների հետ՝ Չինաստանի կողմից ներկայացվող տարածքային պահանջների հետևանքով աճող սպառնալիքի պայմաններում:

ԱՄՆ կատարվող այցից առաջ Ճապոնիայի վարչապետը «Վաշինգտոն Փոստ» ամերիկյան պարբերականին տված հարցազրույցում վիճահարույց հայտարարություն է արել՝ մեղադրելով Չինաստանին այդ երկրում հակաճապոնական տրամադրությունները հրահրելու համար դպրոցական համակարգն օգտագործելու մեջ:

Ճապոնիայի վարչապետի համոզմամբ, Չինաստանում առկա է Ճապոնիայի և այլ հարևանների հետ հակամարտության մեջ մտնելու «խորը սերմացված անհրաժեշտություն»: Նա ասել է նաև, որ տարածքային նման տարաձայնությունները Պեկինն օգտագործում է իր քաղաքականությանը պետության ներսում աջակցություն ձեռք բերելու նպատակով:
XS
SM
MD
LG