Մատչելի հղումներ

«Հորդորում ենք ընտրողներին չգնալ գործարքների». «Policy Forum Armenia»


«Ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքացիներին կոչ ենք անում չվաճառել իրենց ձայնը, չգնալ գործարքների և ցուցաբերել քաղաքացիական բարձր գիտակցություն»

«Policy Forum Armenia» անկախ, շահույթ չհետապնդող միավորումը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հորդորել է Հայաստանում ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքացիներին չվաճառել իրենց ձայնը, չգնալ գործարքների և ցուցաբերել քաղաքացիական բարձր գիտակցություն:

«Հետազոտությունների հիման վրա եզրակացրել էինք, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրակեղծիքները դարձել են պակաս ակնհայտ և դիտարկելի՝ մնալով նույնքան արդյունավետ ընտրությունների կանխորոշված արդյունք ապահովելու տեսանկյունից», - ասված է կազմակերպության կողմից այսօր տարված հաղորդագրության մեջ: - «Այսօր հարկ ենք համարում նշել, որ իշխանությունները ոչ միայն չեն վերացրել ընտրակեղծիքների սկզբնաղբյուրներն ու կեղծարարության հանցագործ մեխանիզմները, ավելին՝ ուղղակի և անուղղակի կերպով մինչ օրս օգտագործում են դրա համար անհրաժեշտ միջոցներն ու լծակները»։

«Ստեղծված պայմաններում արդար և ազատ ընտրությունների անցկացումը Հայաստանի Հանրապետությունում համարում ենք անհնար», - նշում է «Policy Forum Armenia»-ն՝ հավելելով. «Այնուամենայնիվ, ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքացիներին կոչ ենք անում չվաճառել իրենց ձայնը, չգնալ գործարքների և ցուցաբերել քաղաքացիական բարձր գիտակցություն: Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր թեկնածուներին կոչ ենք անում միավորվել։ Այս պայմաններում միայն միավորման միջոցով է հնարավոր ժողովրդի ձայնը լսելի դարձնել»։

Իր հայտարարությունում կազմակերպությունը, ընդդիմադիր կուսակցություններին, քաղաքացիական հասարակությանը և միջազգային դիտորդ կազմակերպություններին որպես ուղեցույց, ներկայացրել է նաև իր կողմից իրականացված հետազոտությունների հիման վրա ընտրված 20 ընտրատարածքներ, որտեղ տեղի են ունեցել ընտրակեղծիքների առավել մեծ ծավալներ՝ հորդորելով բոլոր շահագրգիռ կողմերին «ուշի-ուշով հետևել փետրվարի 18-ին այս ընտրատեղամասերում կայանալիք գործընթացին»։

«Մենք համոզված ենք, որ երկրի առաջ ծառացած հիմնախնդիրները կարող են լուծվել միայն ու միայն իշխանափոխության միջոցով, որն իր հերթին տեղի կունենա ժողովրդի միասնական կամքի առկայության դեպքում», - եզրափակում է «Policy Forum Armenia» անկախ, շահույթ չհետապնդող միավորման հայտարարությունը:
XS
SM
MD
LG