Մատչելի հղումներ

Թունիսում սպանվել է ընդդիմության առաջնորդը


Սպանությունն առաջացրել է մտավախություններ այն մասին, որ իսլամիստները փորձում են խարխլել Թունիսում դեպի ժողովրդավարություն կատարվող անցումը

Թունիսում իր տան մոտ չորեքշաբթի օրը սպանվել է երկրի ընդդիմադիր Ժողովրդական ճակատի առաջնորդների մեկը՝ Չոքրի Բելաիդը:

Բելաիդի սպանությունը երկրում հրահրել է զայրույթի ալիք, ինչպես նաև մտավախություններ այն մասին, որ իսլամիստները փորձում են խարխլել Թունիսում դեպի ժողովրդավարություն կատարվող անցումը:

Հազարավոր մարդիկ Բելաիդի սպանությունից մի քանի ժամ անց դուրս են եկել երկրի քաղաքների փողոցներ՝ արտահայտելով իրենց բողոքն ընդդիմության առաջատար գործչի սպանության կապակցությամբ:

Թունիսից ստացվող հաղորդագրությունների համաձայն, ցուցարարները դուրս են եկել երկրի մայրաքաղաք Թունիսի կենտրոնական Հաբիբ Բուրգիբա պողոտա՝ քննադատելով սպանությունը և արտահայտելով իրենց զայրույթը կատարվածի կապակցությամբ: Բողոքի ցույցեր են անցկացվում նաև երկրի այլ քաղաքներում:

Թունիսի նախագահ Մոնսեֆ Մարզուքին, հանդես գալով Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի պատգամավորների առջև, ասել է, թե իր երկիրն «ունի բազմաթիվ թշնամիներ, որոնք ցանկանում են տապալել» երկրում 2011 թվականին տեղի ունեցած հեղափոխության ձեռքբերումները:

Նախագահ Մարզուքին խիստ քննադատության է ենթարկել Բելաիդի «գարշելի սպանությունը»՝ հավելելով, որ Թունիսը «կանտեսի հեղափոխության թշնամիների ուղերձը»:

Չոքրի Բելաիդի սպանությունը քննադատել են Թունիսի քաղաքական մի շարք գործիչներ, ներառյալ իշխանության գլուխ կանգնած իսլամիստական «Էնհադա» կուսակցության առաջնորդներին: Կուսակցության ղեկավար Ռաչեդ Ղանուչին, քննադատության ենթարկելով կատարվածը, ասել է, թե ընդդիմության առաջնորդի սպանությունն իրագործած ոճրագործները ցանկանում էին, որ Թունիսում «արյունահեղություն սկսվեր»:

Որոշ քննադատներ սակայն, ներառյալ ընդդիմության սպանված առաջնորդի ընտանիքի անդամներին, բացեիբաց մեղադրում են «Էնհադա» կուսակցությանը՝ պնդելով, որ այն պատասխանատվություն է կրում Բելաիդի սպանության համար: Ընդդիմության սպանված առաջնորդը բազմիցս խիստ քննադատության է ենթարկել իշխող կուսակցությանը՝ ծայրահեղական անդամների նկատմամբ վերահսկողությունը թուլացնելու և ընդդիմությանը սպառնալիքներ ներկայացնելու համար:
XS
SM
MD
LG