Մատչելի հղումներ

Հայաստանում նշվում է բանակի ստեղծման 21-րդ տարեդարձը


«Հայաստանի զինված ուժերն այսօր այլևս դժվար է թերագնահատել: Սա լրջագույն կռվան է՝ հօգուտ խաղաղության պահպանման: Հեշտ և արագ պատերազմների մասին հեքիաթներին այլևս ոչ ոք չի հավատում»

Հայաստանում այսօր նշվում է բանակի ստեղծման 21-րդ տարեդարձը:

Բանակի ստեղծման օրվա կապակցությամբ շնորհավորական իր ուղերձն է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, նախագահ Սարգսյանն իր ուղերձում նշել է, որ զինված ուժեր չունենալը թերևս ոչ մի ժողովրդի կյանքում չի ունեցել այնպիսի ծանր ու ողբերգական հետևանքներ, որքան հայ ժողովրդի համար, իսկ հայոց բանակը ստեղծված օրվանից եղել է ժողովրդական բանակ:

«Ավելորդ չէ հիշել, որ մենք՝ որպես ազգ և հասարակություն, մտադրություն չենք ունեցել ստեղծելու և պահելու այնպիսի բանակ, ինչպիսին ունենք այսօր: Մենք ստիպված ենք եղել կազմակերպելու մեր ուժերը մեզ պարտադրված պատերազմում պաշտպանվելու համար: Մենք ստիպված ենք եղել կազմակերպվելու՝ կանխելու համար այն կոտորածներն ու էթնիկ զտումները, որոնք մեթոդաբար իրականացվում էին մեր և աշխարհի աչքի առաջ: Ավելին՝ մեզ հրապարակավ և պաշտոնապես սպառնում էին նոր կոտորածներով ու նոր էթնիկ զտումներով: Այդ սպառնալիքներն ավելի քան իրական էին: Դրանց մի մասը նույնիսկ իրականացվեց ինչպես այդ օրերին, այնպես էլ հետագայում» - ասել է Հայաստանի նախագահը:

«Ահա այս ճակատագրական պահին էր, որ մեր ժողովուրդը գրեթե զրոյից ստեղծեց իր բանակը: Պատերազմի, շրջափակման ու սովի պայմաններում հայ ժողովուրդը ստեղծեց իր բանակը՝ ասելու համար միայն մեկ նախադասություն. «Բավական է»: Հայի հետ և աշխարհում որևէ մեկի հետ չի կարելի խոսել յաթաղանի և սպառնալիքների լեզվով», - իր ուղերձում նշել է Սերժ Սարգսյանը:

«Ընկան հերոսներ, ովքեր իրենց կյանքի գնով մեզ վերադարձրին ապրելու մեր իրավունքն ու մեր արժանապատվությունը: Մենք խոնարհվում ենք նրանց հիշատակի առջև, որոնց խիզախումով այսօր մեր բանակն արժանիորեն կոչում ենք հաղթական բանակ: Ուժ, որ պարտադրեց հակառակորդին զինադադար և հարաբերական խաղաղություն: Ուժ, որ պահպանում է այդ խաղաղությունն ու կայունությունը մեր տարածաշրջանում, որ եղավ ու լինելու է Արցախի հուսալի թիկունքը», - ասված է Հայաստանի նախագահի ուղերձում:

Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Արցախի և Հայաստանի դեմ պատերազմը սանձազերծվել է և պարբերաբար բորբոքվել է հիմնականում մեկ պատճառով՝ Հայաստանի ուժն ու հայ ժողովրդի ներուժը թերագնահատել են: «Իսկապես մտածել են, որ կարելի է հեշտ և արագ հաղթանակ տանել: Այս թերագնահատումը շատ ծանր է նստել բոլորի վրա, ունեցել է ողբերգական հետևանքներ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի, թե՛ Ադրբեջանի ժողովուրդների համար»:

«Հայաստանի զինված ուժերն այսօր այլևս դժվար է թերագնահատել: Սա լրջագույն կռվան է՝ հօգուտ խաղաղության պահպանման: Հեշտ և արագ պատերազմների մասին հեքիաթներին այլևս ոչ ոք չի հավատում», - ասել է նախագահ Սարգսյանը՝ հավելելով. «Մենք պատերազմ չենք սկսել ու չենք սկսելու: Սա ակնհայտ է: Նույնիսկ այն պահերին, երբ կռվի դաշտում ունեցել ենք միանշանակ առավելություն, մենք չենք դադարել պնդել, որ Արցախի հարցը չունի ռազմական լուծում: Մաղթում եմ ձեզ, որ ձեր մասնագիտական և բարոյական բարձր ունակությունները ցուցաբերեք միայն զորավարժությունների ժամանակ, ինչին մենք ականատես ենք եղել բազմիցս: Մաղթում եմ, որ ձեր այդ կարողությունները երբևէ պետք չգան ձեզ, և դուք ստիպված չլինեք դրանք կիրառել պատերազմի դաշտում»:
XS
SM
MD
LG