Մատչելի հղումներ

Բախումներ Ադրբեջանում՝ տեղի բնակիչների և իշխանությունների միջև


«Բախումները բացահայտել են նավթով հարուստ Խորհրդային նախկին հանրապետությունում առկա լարվածությունն ու ժողովրդավարության ոչ պատշաճ մակարդակը»

«Ադրբեջանի կենտրոնական մասում տեղի ունեցած թեթև ավտովթարը հինգշաբթի օրը վերածվել է տեղի բնակիչների և իշխանությունների միջև բախումների, որոնք բացահայտել են նավթով հարուստ Խորհրդային նախկին հանրապետությունում առկա լարվածությունն ու ժողովրդավարության ոչ պատշաճ մակարդակը»:

«Վաշինգտոն Փոստ» ամերիկյան պարբերականի վկայությամբ, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից 175 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Իսմայիլի բնակավայրում տեղի բնակիչները հինգշաբթի օրը շրջապատել են տեղական կառավարության շենքը՝ պահանջելով ղեկավարությունից պաշտոնաթող լինել:

Այս ցույցից առաջ չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը քաղաքում տեղի էին ունեցել խռովություններ, որոնց մասնակիցները կրակի էին մատնել տեղի հյուրանոցն ու մի քանի մեքենա:

Քաղաքից ստացված հաղորդագրությունների համաձայն, ամբոխը ցրելու նպատակով ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցաններ է կիրառել, ինչին ի պատասխան ոստիկանության ծառայողները քարկոծվել են: Ձերբակալվել է խռովությունների 10-ից 15 մասնակից:

Պարբերականը, վկայակոչելով Իսմայիլի քաղաքից հաղորդող «Թուրան» լրատվական գործակալության թղթակից Ազիզ Քերիմովի խոսքերը, նշել է, որ ցուցարարները ցանկանում էին կրկնել անցյալ տարի Ադրբեջանի մեկ այլ քաղաքում իրականացված սցենարը, որի ժամանակ այդ քաղաքում տեղի ունեցած բռնությունների հետևանքով զբաղեցրած պաշտոնից ազատվել էր տեղական իշխանությունների պաշտոնյաներից մեկը:

«Վաշինգտոն Փոստ»-ի համաձայն, Ադրբեջանում չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշեր տեղի ունեցած բախումներն ըստ էության քաղաքական դրդապատճառներ չունեին, սակայն բացահայտում են աղքատների և հարուստների միջև խորը տարբերությամբ առաջացող զայրույթը:
«Ադրբեջանում առևտրային ձեռնարկությունների աշխատանքը հաճախակի համարվում է սերտորեն կապված կառավարական կառույցների հետ: Երկրի ընդդիմության համաձայն, Ադրբեջանի կառավարական համակարգում մեծ տարածում է գտել կաշառակերությունը», - գրում է պարբերականը:
XS
SM
MD
LG