Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պետական պարտքի առավելագույն շեմի սահմանափակումը ժամանակավորապես դադարեցվել է


Հանրապետականների կողմից ներկայացված օրինագիծը, որն ընդունվել է ձայների 288 ՝ կողմ, 185՝ դեմ հարաբերակցությամբ, պետական պարտքի առավելագույն սահմանը կհետաձգի մինչև այս տարվա մայիսի 19-ը

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որով նախատեսվում է ժամանակավորապես դադարեցնել ԱՄՆ-ի պետական պարտքի առավելագույն շեմի վերաբերյալ գործող սահմանափակումը:

Օրինագիծն ԱՄՆ-ի Սենատի կողմից ընդունվելու և նախագահի կողմից ստորագրվելու դեպքում կհետաձգի դեմոկրատական կուսակցությանը պատկանող նախագահ Բարաք Օբամայի և ԱՄՆ-ի Կոնգրեսի օրենսդիրների միջև բյուջեի և պետական ծախսերի շուրջ սպասվող մեծածավալ պայքարը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի երկրորդ երդմնակալությունից ընդամենը մի քանի օր անց Ներկայացուցիչների պալատի հանրապետական օրենսդիրները հետ են կանգնել իրենց կողմից պետական փոխառությունների թույլատրման յուրաքանչյուր դոլարի դիմաց բյուջեի ծախսային մասում համապատասխանաբար մեկ դոլարի կրճատում կատարելու վերաբերյալ պահանջից: Հանրապետականների կողմից ներկայացված օրինագիծը, որն ընդունվել է ձայների 288 ՝ կողմ, 185՝ դեմ հարաբերակցությամբ, պետական պարտքի առավելագույն սահմանը կհետաձգի մինչև այս տարվա մայիսի 19-ը:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական կուսակցության անդամ Ջոն Բեյները հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ ժամանակն է եկել, որպեսզի ԱՄՆ-ի Սպիտակ տունն ու դեմոկրատների կողմից վերահսկվող Սենատը մշակեն այնպիսի բյուջե, որը կանդրադառնա Միացյալ Նահանգների հետզհետե ավելացող պետական պարտքին:

Պետական փոխառությունների առավելագույն սահմանի հետաձգման մասին օրինագծի ընդունմանը հանրապետականները սակայն մեկ պայման են ավելացրել, այն է՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատները պետք է մինչև այս տարվա ապրիլի 15-ն ընդունեն երկրի նոր բյուջեն, ինչպես և նախատեսվում է օրենքով: Հակառակ դեպքում կոնգրեսականների աշխատավարձի վճարումը կհետաձգվի մինչև 2015 թվականին Կոնգրեսի նոր կազմի աշխատանքի սկիզբը:
XS
SM
MD
LG