Մատչելի հղումներ

Ալժիրում իրականացված գրոհը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել


Պատանդներ վերցնելու հետ կապված ճգնաժամը առավել մեծ կարևորություն հաղորդեց Ֆրանսիայի կողմից Մալիում զինյալների դեմ իրականացվող ռազմական գործողություններին

Ալժիրում Արևմուտքի պետությունների քաղաքացի բազմաթիվ պատանդներ վերցրած զինյալների հետ անընդհատ կապ պահպանող Մավրիտանիայի լրատվական գործակալություններից մեկը հայտնել է, որ օդային հարձակումների հետևանքով զոհվել է 34 պատանդ:

Դեռևս հնարավոր չէր հաստատել «ԱՆԻ» լրատվական գործակալության կողմից հրապարակված հաղորդագրությունը, որի համաձայն Ալժիրի զինված ուժերի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով զոհվել է նաև պատանդ վերցրած խմբավորման 14 անդամ:

Քաթարից իր գործունեությունն իրականացնող «Ալ Ջազիրա» լրատվական գործակալությունը նման տեղեկատվություն պարունակող հաղորդագրություն է տարածել՝ վկայակոչելով իր սեփական աղբյուրները:

Աշխարհի պետությունների կառավարությունները, արձագանքելով մի քանի տասնամյակի ընթացքում ծավալված՝ պատանդներ վերցնելու հետ կապված ամենախորը ճգնաժամի, արտակարգ նիստեր են հրավիրել: Այս ճգնաժամը է՛լ ավելի մեծ կարևորություն հաղորդեց Ֆրանսիայի կողմից Սահարայում «ալ-Քաիդա»-ի հետ առնչություն ունեցող զինյալների դեմ իրականացվող գործողությունները:

Ալժիրի անվտանգության գործակալության աղբյուրներից մեկն ավելի վաղ հաղորդել է, թե շրջապատված այն շինություններից, որտեղ պահվում են պատանդները, փախուստի է դիմել օտարերկրյա պետությունների քաղաքացի 25 պատանդ, որոնց թվում կա Ճապոնիայի երկու քաղաքացի:

Պատանդ վերցրած զինյալները պահանջել են իրենց ազատ անցում ապահովել՝ պատանդների հետ միասին: Ալժիրի իշխանությունները սակայն հրաժարվել են նրանց հետ բանակցելուց՝ ասելով, որ պատանդ վերցնողները 20 զինյալից բաղկացած ջոկատ է:

Իրեն «Արյան ջոկատ» անվանող խմբավորումը պատանդ է վերցրել ԱՄՆ-ի, Ճապոնիայի և եվրոպական պետությունների քաղաքացիների՝ չորեքշաբթի վաղ առավոտյան բնական գազի արդյունահանման կայաններից մեկի և կայանին կից աշխատողների համար նախատեսված շինությունների ուղղությամբ իրականացված գրոհի արդյունքում:

Պատանդ վերցնողները պահանջել են վերջ տալ Մալիում Ֆրանսիայի կողմից իրականացվող ռազմական գործողություններին:
XS
SM
MD
LG