Մատչելի հղումներ

Ֆրանսիան ցամաքային գործողություններ է մեկնարկել Մալիում


Արևմուտքն ու ՄԱԿ-ը մտավախություն են արտահայտել, որ իսլամիստները Մալին կարող են վերածել ահաբեկիչների և հանցագործների կողմից օգտագործվող ռազմակայանի

Ֆրանսիայի զինված ուժերը ցամաքային գործողություններ են սկսել Մալիում՝ տեղափոխվելով դեպի Նիոնո քաղաք, որը գտնվում է այս շաբաթ իսլամիստ զինյալների կողմից գրավված հյուսիսային տարածքների անմիջական մոտակայքում:

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանիա համաձայն, Մալիում մարտական գործողությունները «երկար կտևեն»: Նա հայտնել է, որ զինված ուժերը շարժվել են Մալիի մայրաքաղաքից ապստամբների կողմից վերահսկվող տարածքների ուղղությամբ:

Սպասվում է, որ չորեքշաբթի օրը Նիգերիան 190 զինծառայող կուղարկի Մալի, սակայն այդ ուժերը Միավորված ազգերի կազմակերպության կողմից հավանության արժանացրած՝ Արևմտյան Աֆրիկայի պետությունների կողմից իսլամիստ զինյալների հետ պայքարի համար տրամադրվելիք 3300 զինծառայողների ընդամենը փոքր մասն են կազմում:

«Ալ-Քաիդա»-ի հետ առնչություն ունեցող իսլամիստ ծայրահեղականները վերահսկողություն են հաստատել Մալիի հյուսիսային տարածքների նկատմամբ այն բանից հետո, երբ անցյալ տարվա մարտ ամսին ուխտադրույժ մի խումբ զինծառայողների կողմից երկրում իրականացվել էր հեղաշրջում՝ որոշ ժամանակով ստեղծելով «իշխանության վակուում»:

Իրենց կողմից վերահսկվող հյուսիսային տարածքներում իսլամիստ զինյալները հաստատել են մահմեդական խիստ օրենքին հետևելու վրա հիմնված կառավարում:

Մալին Ֆրանսիայի նախկին գաղութն է, և Ֆրանսիան այս երկրի հետ մինչ օրս կապում են մի շարք տնտեսական և քաղաքական շահեր: Արևմուտքի պետությունների և ՄԱԿ-ի պաշտոնյաները մտավախություն են արտահայտել, որ իսլամիստները Մալին կարող են վերածել ահաբեկիչների և հանցագործների կողմից օգտագործվող ռազմակայանի:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի համաձայն, Մալիում Ֆրանսիայի նպատակներից են ահաբեկիչների կողմից իրականացվող ագրեսիայի կասեցումը, երկրի մայրաքաղաք Բամակոյի անվտանգության ապահովումն ու Մալիի տարածքային ամբողջականության վերականգնումը: Օլանդն ասել է նաև, թե Ֆրանսիան օժանդակություն կտրամադրի Մալի շուտով ժամանող Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական միության (ECOWAS) զինված ուժերին:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան երեքշաբթի օրն ասել է, որ Միացյալ Նահանգները կսատարի Մալիում Ֆրանսիայի կողմից ձեռնարկվող միջոցներին, սակայն այդ երկիր զինծառայող չի ուղարկի:
XS
SM
MD
LG