Մատչելի հղումներ

Իսրայելն ու Իրանն իրենց տեսակետներն են արտահայտել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի թեկնածության շուրջ


Իրանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ Հեյգլի թեկնածության հաստատման դեպքում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ «գործնական փոփոխություններ» կիրականացվեն

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից երկրի պաշտպանության ապագա նախարարի թեկնածուն մտահոգություն է առաջացրել Իսրայելում, մինչդեռ Իրանը հույս է հայտնել, որ այս նշանակումը «գործնականում փոփոխությունների կհանգեցնի»:

Իսրայելի խորհրդարանի խոսնակ Ռոքվեն Ռիվլինն ասել է, թե հանրապետական նախկին սենատոր Չաք Հեյգլի թեկնածության ներկայացումն «անհանգստացրել» է իրեն՝ վերջինիս կողմից Իսրայելի նկատմամբ զբաղեցրած դիրքորոշման պատճառով: Ռիվլինը հավելել է սակայն, թե Իսրայելի և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններն ամուր են մնում, և որ «մեկ մարդը չի որոշում ամբողջ քաղաքականությունը»:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ու պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը սակայն դեռևս պաշտոնական որևէ հայտարարությամբ չեն եկել Հեյգլի թեկնածության ներկայացման կապակցությամբ:

Իրանի արտաքին գործերի նախարար Ռամին Մեհմանփարաստն այս ընթացքում հույս է հայտնել, որ Հեյգլի թեկնածության հաստատման դեպքում Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեջ «գործնական փոփոխություններ» կիրականացվեն:

Իրանի միջուկային ծրագիր և պաղեստինցիների նկատմամբ Հեյգլի զբաղեցրած դիրքորոշումն ըստ էության չի համընկնում Իսրայելի կառավարության դիրքորոշման հետ: Այս պատճառով, ըստ որոշ կարծիքների, պաշտպանության նախարարի ոլորտում Հեյգլի նշանակումը կարող է ավելացնել ճնշումը հրեական պետության նկատմամբ՝ ոչ ցանկալի զիջումներ կատարելու առումով:

Սպասվում է, որ ԱՄՆ-ի Սենատում պաշտպանության նախարարի պաշտոնում առաջադրված թեկնածուին հաստատման բարդ գործընթաց է սպասում:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը պաշտոնապես ներկայացրել է Հեյգլին որպես ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնի, և ահաբեկչության դեմ պայքարի գծով իր խորհրդական Ջոն Բրենանին՝ որպես ԿՀՎ-ի տնօրենի թեկնածուներ:

Նախագահ Օբաման Հեյգլին անվանել է «առաջնորդ, որին արժանի է զորքը»՝ հավելելով, որ Վիետնամի պատերազմում մասնակցության համար շքանշաններ ունեցող վետերանը կմարմնավորի «Վաշինգտոնին շատ անհրաժեշտ երկկուսակցության ավանդույթը»:
XS
SM
MD
LG