Մատչելի հղումներ

Հնդկաստանում խմբակային բռնաբարության գործով դատավարությունը դռնփակ կանցկացվի


Մեղադրյալներին դատարանում ներկայացնող փաստաբանն ասել է, թե վերջիններս արժանի են դատապաշտպան ունենալուն՝ նշելով, որ նրանց, հարուստ լինելու դեպքում, կներկայացնեին բարձրակարգ փաստաբաններ

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում 23-ամյա կնոջ խմբակային բռնաբարության մեջ մեղադրվող վեց կասկածյալներից հինգը ներկայացել են դատարան:

Իշխանությունները որոշում են ընդունել դռնփակ անցկացնել դատավարությունը Նյու Դելիի դատարանում այն բանից հետո, երբ իրավիճակը դատարանում վերածվել էր քաոսի: Ըստ գործի քննությունն իրականացնող դատավորի, լսումները դռնփակ կանցկացվեն նաև գործի զգայունության պատճառով:

Դատարանի փոքր դահլիճում երկուշաբթի օրը ստեղծվել էր խառնաշփոթ՝ հասարակության բազմաթիվ ներկայացուցիչների ներկայության, ինչպես նաև մեղադրյալներին պաշտպանություն առաջարկած փաստաբանի ու նրա գործընկերների միջև վիճաբանության պատճառով: Վերջիններս պնդում էին, որ մեղադրյալներն արժանի չեն դատական պաշտպանության:

Հնդկաստանի ոստիկանությունն անցյալ շաբաթ պաշտոնապես մեղադրանքներ էր ներկայացրել դեկտեմբերի վերջին 23-ամյա մի կնոջ խմբակային բռնաբարության ենթարկած 19-ից 35 տարեկան մասնակիցներից հինգին: Նրանց ներկայացվել են խմբակային բռնաբարության, սպանության և հանցավոր ոտնձգության մեղադրանքներ: Բռնաբարության վեցերորդ մասնակցի դատավարությունը կանցկացվի դեռահասների դատարանում, քանի որ վերջինիս տարիքը ցածր է 18-ից:

Մեղադրյալներին դատարանում ներկայացնելու առաջարկով հանդես եկած փաստաբան Մանոհալ Լալ Շարման ասել է, թե մեղադրյալներն արժանի են դատապաշտպան ունենալուն՝ նշելով, որ նրանց, հարուստ լինելու դեպքում, կներկայացնեին բարձրակարգ փաստաբաններ:

Մեղադրանքի կողմը տեղեկացրել է դատարանին, որ մեղադրյալների մեղավորությունը հիմնավորվում է դատարանին ներկայացված դատափորձագիտական ապացույցներով, ինչպես նաև խմբակային բռնաբարության զոհի կողմից ոստիկանությանը ներկայացված ապացույցներով:

Հինգ մեղադրյալներից երկուսը, որոնք արդեն իսկ խոստովանել են բռնի գործողություններում իրենց մասնակցությունը, առաջարկել են ցուցմունքներ տալ մնացած մեղադրյալների դեմ:

Հնդկաստանի գլխավոր դատավոր Ալթամաս Քաբիրը դիմել է երկրի Գերագույն դատարան՝ նման գործերի դատաքննությունն անցկացնելու արագացված գործընթաց սահմանելու պահանջով: Քաբիրի համաձայն, բռնաբարության գործերի քննության ձգձգումը կանանց դեմ ուղղված հանցագործությունների կտրուկ աճի պատճառն է դարձել:

Հնդկաստանի իշխանությունները, բացի այդ, բարեփոխումներ կիրականացնեն, որոնք նպատակ կհետապնդեն փոխելու այն վերաբերմունքը, որին սեռական բնույթի ոտնձգության մասին հաղորդումներն արժանանում են ոստիկանության և երկրի իրավական համակարգի կողմից:
XS
SM
MD
LG