Մատչելի հղումներ

Բազմաթվի զոհեր Սիրիայում՝ կառավարական ուժերի հրետանային հարվածի հետևանքով


«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպության համաձայն, կառավարական ուժերի կողմից իրականացված հրետանային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ

Սիրիայի ընդդիմության ակտիվիստների համաձայն, Թուրքիայի հետ սահմանի մոտակայքում գտնվող երկրի հյուսիսային շրջաններից մեկում կառավարական ուժերի կողմից իրականացված հրետանային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ:

Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունը չորեքշաբթի օրը հայտնել է, թե կառավարական ուժերի հրետանային հարվածի զոհ էին գնացել Ռաքա շրջանի գյուղերից մեկի բնակիչները: Կազմակերպությունը չի հայտնել սակայն, թե երբ են տեղի ունեցել այդ իրադարձությունները:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա ըստ էության միացել է ընդդիմությանը: Սոցիալական մեդիայի ցանցերից մեկում հրապարակված տեսանյութում ցուցադրված է Սիրիայի ռազմական ոստիկանությունը գլխավորող գեներալ Աբդուլ Ազիզ Ջասեմ ալ-Շալալը: Տեսանյութում վերջինս ասում է, թե «դասալքություն է գործել», քանի որ Սիրիայի ռազմական ոստիկանությունը շեղվել է իր հիմնական առաքելությունից:

Սիրիայի կառավարական աղբյուրները դեռևս չեն հաստատել գեներալի դասալքության հանգամանքը:

Սիրիայի ակտիվիստները նախօրեին հայտնել էին մի քանի շաբաթ տևած պաշարումից հետո Թուրքիայի հետ սահմանամերձ մի քաղաքից կառավարական զինծառայողների վտարման և քաղաքը գրավելու մասին:

Ակտիվիստների համաձայն, ապստամբները երեքշաբթի առավոտյան գրավել էին Իդլիբ նահանգի Հարեմ քաղաքում գտնվող կառավարական ուժերի վերջին ռազմակայանը, ինչի արդյունքում ընդլայնվել է ապստամբների վերահսկողությունը Թուրքիայի սահմանին հարող հյուսիսային տարածքների նկատմամբ:
XS
SM
MD
LG